Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԱՄՆ սենատորը Էրդողանի թիկնապահների պահվածքը խայտառակություն է որակել

 ԱՄՆ սենատորը Էրդողանի թիկնապահների պահվածքը խայտառակություն է որակել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ դեմոկրատ սենատոր, Ռոդ Այլենդը ներկայացնող Ջեք Ռիդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:

«Միանում եմ բոլոր ամերիկացիներին՝ դատապարտելով նախագահ Էրդողանի թիկնապահների կողմից Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ռիդը: Դեմոկրատ սենատորը խայտառակություն է համարել Էրդողանի թիկնապահների պահվածքը՝ շեշտելով, որ բռնության են ենթարկվել նաև իր կողմից ներկայացվող համայնքի ներկայացուցիչներ, ովքեր խաղաղ կերպով իրացնում էին ԱՄՆ սահմանադրության առաջին փոփոխությամբ սահմանված իրենց իրավունքը (խոսքի ազատության իրավունք- խմբ.):

«Անվտանգության այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել հարձակման մեջ, պետք է կարգի հրավիրվեն, իսկ Թրամփի վարչակազմը պետք է պարզ ու հստակ դարձնի բոլոր դեսպանատների համար, որ ԱՄՆ-ում մեր օրենքները պաշտպանում են ցուցարարներին և խաղաղ հավաքների ու ազատ խոսքի նրանց իրավունքը»,- ընդգծել է սենատոր Ջեք Ռիդը:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ են դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց են տեղափոխվել: Հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները:

Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի եւ մի շարք այլ՝ քրդական, ասորական եւ հունական կազմակերպությունների կողմից: Ծեծկռտուքից հետո մի քանի մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել էր երկու անձի: Կատարվածը դատապարտել էր ԱՄՆ պետդեպը, Վաշինգտոնի քաղաքապետը և մի շարք կոնգրեսականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am