Գերմանիայի դեսպանը կայցելի Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողին
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանն առաջին անգամ կայցելի Ստամբուլում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հայտնել է, որ «մեծ ճնշումների արդյունքում» Թուրքիան հավանություն է տվել Էրդմանի այցին: Այցի ժամկետները, սակայն, դեռ չեն հստակեցվել:
Շեֆերը տեղեկացրել է նաև, որ դաշնային կառավարությունը շարունակելու է ճնշում գործադրել Յուջելին ազատ արձակելու համար:
Ավելի վաղ լրագրողին երկու անգամ այցելել էր Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոսը:
Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:
Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում