Քրդերը ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջում են Թուրքիայի վրա ճնշում գործադրել Աֆրինում նրա գործողության պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական Աֆրինի քրդերը, որտեղ թուրքական զինուժերը հունվարի վերջից գործողություն են իրականացնում քրդական կազմավորումների դեմ, կոչ են արել միջազգային հանրակցությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները եւ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պահանջում ենք միջազգային հանրակցությունից՝ կատարել իրենց պարտավորությունները, մենք պահանջում ենք հարգել մարդու իրավունքները: Բոլոր երկրները եւ հատկապես ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները, ներառյալ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը, պետք Է կատարեն այն պարտավորությունները, որոնց տակ նրանք ստորագրել են ՄԱԿ-ում: Մենք պահանջում ենք, որ մեզ չբնաջնջեն թունավոր նյութերով»,- ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Աֆրինի ինքնապաշտպանության քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:
Խոսելով թուրքական ռազմարշավի արդյունքների մասին՝ Հեդուն նշել Է, որ «թուրքական բանակի միակ ձեռքբերումը շուրջ 480 վիրավոր քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ 57 երեխա, 176 մարդու զոհվելը, որոնցից 27-ը երեխաներ են»: «Նրանք ոչնչացրել են ենթակառուցվածքը, կենսապահովման օբյեկտները, դպրոցներն ու պատմական հուշարձանները. ահա նրանց ռազմական ձեռքբերումները»,-ասել Է նա:
Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբն ավելի վաղ հայտնել Է Աֆրինում գործողության սկսվելուց ի վեր 1780 զինյալների վնասազերծման մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում