«Նորամուտ Restart». Մխիթարյան քույրերը, դուդուկը, դհոլն ու Սերժ Թանկյանը
«Արմենպրես» լրատվական գործակալությունը վերականգնում է իր «Նորամուտ» խորագրով նախագիծը, որն արժանացել է 2016 թ. «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակին՝ «Տարվա երիտասարդական լրատվական նախագիծ» անվանակարգում:
Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել երիտասարդ տաղանդավոր ստեղծագործողներին՝ դերասանների, ռեժիսորների, բեմադրիչների, նկարիչների,երաժիշտների և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը թեկուզ մի փոքր փոխելու ինչ ծրագրեր ունեն:
«Նորամուտ Restart»-ն այսօր հյուրընկալել է Աննա և Անահիտ Մխիթարյան քույրերին:
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրանք անցել են բավական բարդ ճանապարհ, հաղթահարել բազում խոչընդոտներ և, ի վերջո, հասել են երազանքների ու նպատակների իրականացման սահմանագծին: Նրանք կարծրատիպեր են կոտրում.երկու քույրերը նվագում են դուդուկ ու դհոլ: Վանաձորցի Աննա և Անահիտ Մխիթարյանները վաղ տարիքից են սեր դրսևորել երաժշտության նկատմամբ: Նրանց մշտապես գրավել են ազգային նվագարանները, ահա ինչու Աննան դուդուկ է նվագում, Անահիտն էլ ընտրել է դհոլը: Այսօր քույրերը համագործակցում են հանրապետության լավագույն երաժիշտների հետ, ստեղծել են իրենց խումբը, որը կոչվում է «Մխիթարյան քույրեր և ընկերներ»:
Դուդուկն ու դհոլը՝ կյանքի ուղեկից
Աննա Մխիթարյան
Մեր ընտանիքում երաժշտությամբ ոչ ոք չի զբաղվել: Բայց մենք միշտ սիրել ենք երաժշտությունը: Այնպես ստացվեց, որ ընտրեցինք հենց այս գործիքները: Չվախեցանք այն մտքից, որ ոչ դուդուկը, ոչ դհոլն «աղջկա գործիքներ» չեն, ինչպես ընդունված էր մեր ազգային մտածողությամբ: Առկա էր ցանկություն, սեր այս նվագարանների նկատմամբ: Եվ մենք նվագում ենք մեծ սիրով:
Առաջին համերգ, առաջին հաջողություն
Աննա
Մի բան է, երբ դու պարզապես գործիք ես նվագում, մեկ այլ բան, երբ ձևավորում ես խումբ ու կազմակերպում համերգ: Շատ հուզված էինք մեր առաջին համերգին, և փորձեցինք այնպես անել, որ ամեն ինչ իդեալական լինի: Եվ ստացվեց: Առաջին համերգը մեր առաջին քայլն էր: Ե՛վ ես, և՛ Անահիտը հասցրել էինք համերգներ ունենալ, բայց «Մխիթարյան քույրեր և ընկերներ» խմբով հանդես էինք գալիս առաջին անգամ:
Անահիտ Մխիթարյան
Բարդ բան է մեծ համերգային ծրագիր պատրաստելը: Ծրագիր, որը հանդիսատեսի համար շատ հետաքրքիր լինի, ստանդարտից դուրս: Ծրագիր, որի ընթացքում մաքրամաքուր երաժշտություն հնչի: Առաջին համերգը կազմակերպեցինք մեր ծննդավայրում՝ Վանաձորում՝այն նվիրելով մեր հայրիկի հիշատակին: Բացարձակ այլ զգացողություններ էին…
Դուդուկը, դհոլն ու Սերժ Թանկյանի համար պատրաստած անակնկալը
Աննա
Մենք պատրաստեցինք հետաքրքիր տեսանյութ, որպեսզի մեր արած աշխատանքով ինչ-որ կերպ արտահայտեինք մեր սերը Սերժ Թանկյանի նկատմամբ: Մենք Սերժ Թանկյանին շատ ենք սիրում, որովհետև, լավ երաժիշտ լինելուց բացի, նա Վանաձորից է: Քանի որ նրա ստեղծագործություններն էլ ենք շատ սիրում, որոշեցինք նրա գործերից ժողովրդական գործիքներով յուրահատուկ մշակումներ պատրաստել: Մեզ համար շատ անսպասելի էր, որ նա արձագանքեց: Հուզվել էինք: Գրել էր մեզ, որ շատ հպարտ է…
Անահիտ
… Թանկյանը մեզ տաղանդավոր երաժիշտներ անվանեց: Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար շատ կարևոր գնահատական է նման բան լսել նման պրոֆեսիոնալ երաժշտից: Շատ ուրախ ու երջանիկ պահ էր:
Մխիթարյան ազգանունն ու նույն ազգանունը կրող հայտնի հայը
Աննա
Մենք շատ ենք սիրում Հենրիխ Մխիթարյանին: Մի անգամ ճամփորդության էինք մեկնում: Օդանավակայանում վերցրեցին Անահիտի անձնագիրը, հարցրեցին. «Մխիթարյանի քույրի՞կն ես»: Շատերն են հարցնում: Անգամ հորեղբայրս կատակով ասում է. «Հորեղբորդ տղան գոլ է խփել»…
Անահիտ
Նա մեր ամբողջ ազգի հպարտությունն է, յուրաքանչյուրս ուրախանում ենք նրա հաջողություններով, գոլերով…Երբ կրում ես նույն ազգանունը, մի փոքր այլ զգացողություններ ունես:
Աննա
Եթե ուսումնասիրենք, գուցե ազգակցական ինչ-որ կապ գտնենք Հենրիխի հետ (ծիծաղում են-հեղ.):
Երիտասարդ արվեստագետների խնդիրները
Անահիտ
Ես չեմ ասում, թե երիտասարդ արվեստագետի առջև պետք է հեշտորեն բացվեն բոլոր դռները: Բայց երբ ծրագրեր ես մշակում, դաշտում կատարում ես առաջին քայլերդ, հույս ունես, որ քեզ «թևեր կտան»: Նոր երաժիշտներին պետք է մի փոքր ավելի մեծ տեղ տան համերգային ծրագրերում: Առկա է մի շրջանակ, որում հայտնվելը բավականին դժվար է:
Ժողովրդական երաժշտության արդիականությունը
Աննա
Ժողովրդական ոճի ստեղծագործությունները մեր օրերում շատ արդիական են: Օրինակ, այսօր ամենատարբեր ժամանցի վայրերում հնչում են հենց հայկական ժողովրդական գործեր, արվում են մշակումներ: Դուդուկը, դհոլը և այլ գործիքներ ու հայկական ժողովրդական երաժշտությունն այսօր առաջին պլանում են:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում