Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սահմանամերձ Չորաթանի երեխաները կրկին Իտալիայում. Armonia Armenia-ն նվիրվել է Հայոց ցեղասպանության տարելիցին

 Սահմանամերձ Չորաթանի երեխաները կրկին Իտալիայում. Armonia Armenia-ն նվիրվել է 
Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի շնորհալի սաները մայիսի 19-27-ը Իտալիայում էին: Նրանք մեկնել էին Իտալիայի Սկանդիչի (Ֆլորենցիա) համայնք «Լա մելագրանա» կազմակերպության հրավերով՝ մասնակցելու Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին կազմակերպված միջոցառմանը: «Armonia Armenia» (Ներդաշնակ Հայաստան) խորագրով միջոցառումն անցկացվել է Սկանդիչիի «Միլա  Պիեռալլի» հայտնի թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին համայնքի ղեկավարությունը, Իտալիայի տարբեր քաղաքներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, դասախոսներ և այլ հյուրեր: Հայաստանից մեկնած պատվիրակության ղեկավար, «Մխիթար» ԵԿ-ի տնօրեն Էդգար Քալանթարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Սկանդիչի համայնքում գործող Սպինելլի դպրոցի սաները, իրենց անմիջական մասնակցությամբ և հայերեն ելույթների թարգմանությունները կարդալով, իտալացիներին հաղորդակից դարձրին հայկական հնագույն մշակույթին:

«Մխիթար» երիտասարդական կենտրոնը իր ձևով միակն է Տավուշի մարզում, որի երկու տասնամյակի հասնող գործունեությունը Չորաթան համայնքը դարձնում է առավել աշխույժ և կենսուրախ:  Կենտրոնում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, իրականացվում փոխադարձ այցելություններ և այլն: Այս տարիների ընթացքում «Մխիթար» ԵԿ-ը ձեռք է բերել բազմաթիվ նոր ընկերներ և բարեկամներ, և ոչ միայն Հայաստանից. 2013թ.-ից ի վեր կենտրոնի և իտալական «Լա Մելագրանա» կազմակերպության միջև ստեղծվել է միջմշակութային համագործակցության մի հրաշալի ձևաչափ, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի փոխադարձ այցելություններ են տեղի ունենում»,-ասաց Էդգար Քալանթարյանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում երկու կազմակերպությունների արդյունավետ շփումները հիմք հանդիսացան նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատման համար, որի արդյունքում ակնկալվում է նաև Սկանդիչիի քաղաքապետ՝  պարոն Սանդրո Ֆալլանիի այցելությունը Չորաթան համայնք:

Միջոցառմանն իր ելույթում Էդգար Քալանթարյանն անդրադարձել է Չորաթանի և Սկանդիչիի համագործակցությանը:

«Այս հրաշալի համագործակցության հիմքը ծագել է լավ ընկերությունից, որը տարիների ընթացքում վեր է ածվել Չորաթանի և Սկանդիչիի (Ֆլորենցիա) միջև այնպիսի կամուրջի ստեղծման, ինչը երկու հնագույն մշակույթ ունեցող ազգերին միմյանց կապող հերթական քայլն է: Մշակույթի նպատակը աշխարհի ճանաչումն է, վերջինիս ճշմարտության բացահայտումն ու իր միջոցներով աջակցելը երկրի վրա նրա գոյապահպանությանը: Նմանապես այն միջոց է նաև ուրիշ մեկ այլ մարդկանց,  ժողովուրդներին ճանաչելու, բնության օրինաչափությունները հասկանալու, գեղեցկության, բարու և սիրո ճանաչման համար: Հայաստանն ու Իտալիան իրենց ուրույն նկարագիրն են կերտել ինքնատիպ մշակույթով՝ հոգևոր և նյութական արժեքներով: Սակայն մշակույթը որքան էլ եզակի լինի, եթե մնա պարփակված, մեկուսացված երբեք չի կարողանա զարգանալ: Հենց նշված հանգամանքով է պայմանավորված, որ հաղթահարելով բազմաթիվ կիլոմետրեր, փորձել ենք ներկայացնել մերը և  ճանաչել ու վերցնել նաև ուրիշինը»,-նշել է նա:

Էդգար Քալանթարյանի խոսքով՝ միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև նոր համագործակցությունների կառուցման ճանապարհին: Շատ կարևոր են նաև միջմշակութային փոխհարաբերությունները, քանի որ հենց դրանք են հիմք հանդիսանում նոր արժեքների և գլուխգործոցների ստեղծման համար:

«Ուրիշի քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը սկսվեց հենց հայ մտավորականության և մշակույթի գործիչների ձերբակալմամբ և սպանությամբ»,- ասաց Էդգար Քալանթարյանը:

Նա նշեց նաև, որ դարերի ընթացքում ստեղծված մշակութային համագործակցությունը մեծագույն հարստություն է երկու երկրների համար, դրա վառ օրինակը Մխիթարյան Միաբանության հայրենանվեր գործունեությունն է Իտալիայում, որի հիմնադիր Մխիթար Սեբաստացին 18-րդ դարում Վենետիկում հիմնեց  աշխարհասփյուռ հայ մշակույթի վերածննդի կենտրոն՝  ստեղծելով յուրօրինակ ներդաշնակություն հայ և իտալացի ժողովուրդների հազարամյակների մշակույթների միջև, որը մենք շարունակում ենք խթանել և կյանքի կոչել այսպիսի նախաձեռնություններով:

Հայաստանի մխիթարյան կենտրոնը, իր հիմնական առաքելության շրջանակներում, գրեթե երկու տասնամյակ կրթական-մշակութային գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ Չորաթան համայնքում: 2001 թ-ից Չորաթանում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնը համայնքի պատանիների և երիտասարդների համար դարձել է միակ ժամանցի կազմակերպման վայրը: Դպրոցի դասերից հետո հաճախելով կենտրոն՝ սաները անվճար հիմունքներով ձեռք են բերում բազմաթիվ հմտություններ և կարողություններ. նրանք օգտվում են համակարգչային հնարավորություններից, գործում են ազգային պարի, երգեցողության, գորգագործության, հելյունագործության, մաքրամեի, ճատրակի, ասմունքի, ասեղնագործության, նկարչության, կիթառի, մարմնամարզության խմբակները: Ամենօրյա այս խմբակները համայնքի երեխաներին հնարավորություն են ընձեռում ճանաչելու և վերարժևորելու հայկական ավանդական արժեքները, ձեռարվեստը և մշակույթն ընդհանրապես:Մեր հիմնական նպատակը՝ զարգացնել Հայաստանում կրթությունը և մշակույթը՝ որպես արդի դարաշրջանի կարևորագույն գործոն՝ խթանելով առավել գրագետ, հայրենասեր և մշակութասեր հասարակության  ձևավորմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am