Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյա հոբելյանը նշվեց համերգային ծրագրով

ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյա հոբելյանը նշվեց   
համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեփ-լեցուն դահլիճում, արվեստի շնչով ողողված ջերմ մթնոլորտում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 29-ին տեղի ունեցավ համերգ` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Աբգար Մուրադյանի 80-ամյա հոբելյանին:

Համերգին մասնակցում էին Կոմիտասի անվան ազգային քառյակը, կլառնետահարներ  Դավիթ Գյուլամիրյանը և Էդուարդ Խորոզյանը:   

01.jpg (490 KB)

Միջոցառմանը ներկա էին արտիստի ընտանիքի անդամները, կոլեգաները, սաները,  նրա երաժշտարվեստը գնահատող մտավորականներ:

photo (39).jpg (6.23 MB)

Արծաթե հնչյունները ակադեմիական հնչողության օրինակ դարձրած երաժիշտը  կյանքից հեռացել է 2010 թվականին:

Մուրադյանների ընտանիքի կողմից 2011 թվականին  նկարահանվել է «Արծաթե հնչյուններ» ֆիլմը, որը նվիրված է Աբգար Մուրադյանի հիշատակին և տարիներ առաջ ցուցադրվել է նաև հեռուստատեսությամբ` նպատակ ունենալով  հանրահռչակել, պահպանել ու սերունդներին փոխանցել անվանի կլառնետահարի թողած մշակութային ժառանգությունը:

Հենց այս ֆիլմի դիտմամբ մեկնարկեց համերգային ծրագիրը: Էկրանից հոբելյարի մասին են խոսում երաժշտարվեստի վառ անուններ, սաներ:

photo (18).jpg (3.64 MB)

Երաժշտագետ, դասախոս Նոնա Ոսկանյանի մեկնաբանությամբ ընթացավ հուշ-երեկոն: Կյանքից տարիներ առաջ հեռացած ավագ ընկերոջը նա բնորոշեց որպես արծաթե հնչյունների տիրակալ, համառոտ ներկայացրեց նրա անցած ուղին` փաստելով, որ Աբգար Մուրադյանի ներկայությունը մշտապես արժևորել են երաժշտարվեստի բուհում:

Համերգի ընթացքում կարմիր թելով շեշտադրվում էր այն գաղափարը, որ հոբելյարի գործիքն ուներ խորություն, յուրահատուկ հնչերանգ և հուզականություն:

photo (45).jpg (4.21 MB)

Աբգար Գուրգենի Մուրադյանը կլառնետի հայ կատարողական ու մանկավարժական դպրոցի դասական է: Նրա արվեստի ակունքները եվրոպական մշակույթի ծնունդ էին, իսկ գործիքն առանձնանում էր ակադեմիական ամուր դպրոցով ու երգող ձայնարտաբերման առանձնահատկությամբ։ Նվագացանկը ներառում էր 18-րդ դարից մինչև իր ժամանակի հեղինակած գործերը։ Անգնահատելի է Աբգար Մուրադյանի ներդրումը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտության զարգացման պատմության մեջ․ նա հայ կամերային-գործիքային երաժշտության հանրահռչակողն էր։

Ուշագրավ է, որ տասնամյակներ առաջ հեռուստատեսության և ռադիոյի նվագախմբի հիմնադրման առիթով հայտարարված մրցույթում մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանը, լսելով դեռևս առաջին կուրսում սովորող Աբգար Մուրադյանի կատարումը, ասաց՝ առաջին կլառնետ։ Եվ այդպես՝ որպես առաջինը նա ապրեց ու ստեղծագործեց ամբողջ կյանքում։

photo (3).jpg (4.17 MB)

ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1985), պրոֆեսոր Աբգար Մուրադյանը նվիրյալ մանկավարժ էր, ով իր կատարողական հարուստ փորձը փոխանցել էր ուսանողներին։

Իր մասնագիտական հարուստ ճանապարհին նա ոչ միայն կրթել է աշխարհի լավագույն բեմերում ելույթ ունեցող երաժիշտների, այլև կլառնետի պես ազնվաբարո գործիքը հնչեցրել է արտերկրի բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում:

Կոմիտասի անվան ազգային քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը ևս հիշեց իր ընկերոջը, նրա ներքին մշակույթը, կուլտուրան, որը տարածում էր շրջապատում:

photo (47).jpg (1.83 MB)

«Նա չափազանց նվիրված էր  գործին, ընկերներին, հպարտանում էր ընկերների հաջողություններով: Չեմ հիշում որևէ իրավիճակ, որտեղ իր մասնակցությամբ լիներ կոնֆլիկտ: Հոյակապ ծնող էր»,-ասաց Թադևոսյանը`  հավելելով, որ չգիտի կլառնե՞տն ընտրեց նրան, թե՞ նա ընտրեց կլառնետը:  

Աբգար Մուրադյանը հայ արդի կոմպոզիտորների երկերի առաջին կատարողներից է:  1966-1990 թվականներին եղել է ՀՀ հեռուստառադիոյի սիմֆոնիկ, 1990-1992 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի կլառնետների խմբի կոնցերտմայստեր։ 1970 թվականից դասավանդել է Երևանի համար 1 արվեստի դպրոցում, 1976-1989 թվականներին, միաժամանակ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականից՝  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Այստեղ նա դասավանդել է մինչև իր կյանքի վերջը, ղեկավարում էր Փողային և հարվածային գործիքների ամբիոնը։

Այժմ այս ամբիոնը ղեկավարում և հայրիկի ուղին շարունակում է  դուստրը`  պրոֆեսոր Գայանե Մուրադյանը: 

Աբգար Մուրադյանը ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի հայրն է։ Կինը` բժշկական բուհի երախտավոր, Կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ Լիլիա Չիլինգարյանն էր, ով, ականատեսների փոխանցմամբ, ամուսնու թիվ մեկ ունկնդիրն ու հանդիսատեսն էր, ամենամեծ քննադատն ու ոգեշնչողը: Ընտանիքում յուրահատուկ սինթեզվել էին բժշկագիտությունն ու արվեստը:  

photo (31).jpg (5.26 MB)

Հայրիկի հիշատակին նվիրված միջոցառումները` առավել փոքր լսարանի համար նախատեսված համերգները շարունակական են. դստեր գլխավորությամբ պարբերաբար կազմակերպվում են նաև Կոնսերվատորիայի դահլիճում ապագա երաժիշտների ակտիվ մասնակցությամբ:

Տաթևիկ Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am