Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում

Փաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը սպորտային աշխատանքները կազմակերպելու գործում գլխավոր խոչընդոտ է համարում գնումների գործընթացը։ Մասնավորապես, գնումներով պայմանավորված ձգձգվում են մարզումները կազմակերպելու համար անհրաժեշտ կարևոր պարագաները ձեռք բերելու ընթացքը։ Որպես վերջին օրինակ՝ Փաշիկ Ալավերդյանը ներկայացրեց վիտամիններ ձեռք բերելու գործընթացը։ Նրա խոսքով՝ միայն օրերս է պայմանագիր ստորագրելու և ստանալու անհրաժեշտ վիտամինները, այն ինչ դրանք պետք է ձեռք բերվեին ավելի վաղ։ Վիտամինների բացակայությունը նախաօլիմպիական փուլում լուրջ խոչընդոտ է մարզիկների համար։

«Այսօրվա սպորտը` գիտություն է: Բոլոր գործընթացները կազմակերպելու համար իրական մասնագետներ են անհրաժեշտ։ Սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն եմ տեսնում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր քարտուղարը:

Փաշիկ Ալավերդյանը խնդիրների է բախվում նաև ԷԿԵՆԳ-ի (հեղ. Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) համակարգով տոմսեր գնելիս, քանի որ ստիպված է լինում օրենքով տոմսից զատ 5 տոկոս վճարում կատարել։ Այնինչ, ըստ Փաշիկ Ալավերդյանի, կարելի է այդ գումարներն ուղղել ֆեդերացիայի ծախսերին։

Ալավերդյանի խոսքով` խնդիրը քննարկվել է նաև այլ ֆեդերացիաների հետ, որի հետ կապված բարդություններ ունեն նաև նրանք:

«Օրենքը կա, բայց այդ օրենքը գրելիս պետք է հարցնել մասնագետներին: Բազմիցս խնդիրների մասին բարձրաձայնվել է, սակայն լուծման ուղղությամբ տեղաշարժ չկա։ Այս ամենի փրկությունը սպորտն առանձնացնել է: Ասել է թե, կոմիտե կամ վարչություն սարքելն է: Կրկնում եմ, որ անպայման, սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն եմ տեսնում»,-ասաց նա:

Ալավերդյանն իր խոսքում առանձնացրեց` հայկական ծանրամարտը երբեք անտերության չի մատնվելու, թեպետ մի շարք առաջարկություններ ունի բազմաթիվ պետություններից` այդ թվում նաև Չինաստանից:

Անդրադառնալով Փարիզի Օլիմպիական խաղերին, գլխավոր մարզիչը փաստեց, որ խաղերին կմասնակցեն Անդրանիկ Կարապետյան, Գարիկ Կարապետյան և Վարազդատ Լալայանը: Այս մարզիկների անուններն այլևս փոփոխության չեն ենթարկվի:

«Ծանրորդները իրենց հնարավորությունների լավագույն ձևով են մասնակցելու Փարիզի Օլիմպիական խաղերին»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am