Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Աշխատուժի ուսումնասիրության «Edu2Work» առցանց հարթակը պաշտոնապես փոխանցվեց ԿԳՄՍ նախարարությանը

Աշխատուժի ուսումնասիրության «Edu2Work» առցանց հարթակը պաշտոնապես 
փոխանցվեց  ԿԳՄՍ նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  միջև  փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ՝ «Edu2Work» հարթակը պաշտոնապես փոխանցվեց  ԿԳՄՍ նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պաշտոնապես փակվեց «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ՄԱԶԾ ծրագիրը, որի հիմնական նպատակն էր գաղափարներ և ապացույցներ տրամադրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն(ԿԳՄՍ) ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականություն մշակողներին: Ծրագրի շրջանակներում ձևավորվեց թափուր աշխատատեղերի առցանց շտեմարաններից  վերլուծություն տրամադրող «Edu2Work» հարթակը, որը ներկայացնում է, թե ինչպիսի ուղղություններով աշխատուժի պահանջարկ կա:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նման հարթակների դերը, նշեց, որ շատ մեծ պատասխանատվությամբ են ստանձնում հարթակի հետագա տնօրինությունը, և պատրաստակամ են այն ոչ միայն պահպանելու և թիրախային օգտագործելու, այլև զարգացնելու:

230757.jpg (376 KB)

«Շրջանավարտների հետագա զբաղվածության ապահովումը մեր կրթության զարգացման պետական ծրագրի կարևորագույն թիրախներից է:  Մեր տեսլականն է՝  2030 թվականին մասնագիտական կրթության և ուսուցման, ինչպես նաև բուհական համակարգի շրջանավարտների առնվազն 90 տոկոսը գտնեն աշխատանք իրենց մասնագիտությամբ: Սա շատ մեծ ծավալի խնդիր է, և դրա լուծումը առաջին հերթին պահանջում է տվյալներ, վերլուծություններ, որի հիման վրա էլ կկարողանաք մեր քաղաքականությունը համադրել և ապահովել արդյունավետություն: Այսօր մենք հնարավորություն ունենք «Edu2Work» հարթակի միջոցով ստանալ այդ մեծածավալ տվյալների վերլուծության արդյունքները և դրանց հիման վրա որոշումներ կայացնել»,-ասաց նախարարը:

Հայաստանում ՄԱԶԾ  մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծեց, որ «Edu2Work» հարթակում օգտագործվող գործիքները շատ կարևոր խնդիր են լուծում: Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում  գործազրկությունը ավելի մեծ է, որի համար կան համակարգային պատճառներ:

«Դրանցից մեկը  կրթության և աշխատաշուկայում անհրաժեշտ հմտությունների միջև ճեղքվածքն է: Երկրորդը՝ այն մարտահրավերներն  են, որ երիտասարդներն ունենում են աշխատանք փնտրելիս: Շատ ուրախ եմ, որ ՄԱԶԾ-ն ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին ստեղծել են թվային համակարգեր՝ այս երկու կառուցվածքային մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Նացվլիշվիլին:

Նա ընդգծեց՝ թվայնացումը և նորարարությունը կարևորագույն գործիք է երկրի կայուն զարգացման համար:

«Հարթակն ունի առավելություն՝ այն մեկտեղում է բոլոր դերակատարներին, համադրելով բոլոր աշխատանքները: Հարթակը ստեղծվել է  աշխատանք փնտրողների և առաջարկողների համար, ինչպես նաև կրթական հաստատությունների՝ ովքեր հարթակի միջոցով կարող են հասկանալ աշխատաշուկայի միտումներն ու պահանջները»,- հավելեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Եզրափակելով՝ փոխնախարարը նշեց, որ հարթակը շատ կարևոր գործիք է ժամանակակից աշխարհում, որից կօգտվեն բոլորը: Այն միտված է կրթություն-աշխատաշուկա կապի սերտացմանը, որը ցավոք մարտահրավեր է բոլոր երկրներում, իսկ կրթական համակարգի խնդիրն է մշտապես համահունչ լինել աշխատաշուկայի պահանջներին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am