Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա. ԿԲ նախագահ

Դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա. ԿԲ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում որոշել է քաղաքականության տոկոսադրույքն իջեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Նա նշեց, որ Խորհրդի գնահատմամբ՝ ավելի ցածր տոկոսադրույք սահմանելն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Ըստ նրա՝ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս: Նվազել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը մարտին կազմել է -0.7 տոկոս:

Մարտին Գալստյանը նկատեց՝ Հայաստանի տնտեսության վրա արտերկրից գնանկումային թույլ ազդեցություններ են սպասվում:

«2024 թվականի առաջին եռամսյակում աշխարհում և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների գները դեռևս մնում են հարաբերականորեն բարձր: Միաժամանակ, գործընկեր երկրներում գերտաքացած աշխատաշուկայի պայմանները շարունակում են նպաստել բարձր պահանջարկի պահպանմանը:

Տարեսկզբից Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, մասնավորապես, ԱՄՆ-ի ֆեդերալ պահուստային համակարգն առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,- ընդգծեց նա:

Արձանագրվեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Վերջիններս շարունակում են կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ տնտեսական աճի կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից պարունակելով էական անորոշություններ:

«Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միևնույն ժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական: Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը»,- ներկայացրեց Մարտին Գալստյանը:

Նշվեց, որ բարձր մակարդակի անորոշության պայմաններում Խորհուրդը, հաշվի առնելով գների կայունության նպատակին հասնելու իր հանձնառությունը,  քննարկումների ընթացքում դիտարկում է բազմաթիվ սցենարներ:

«Քաղաքականության տոկոսադրույքի ուղեգծի տիպային Ա սցենարով նախատեսվում է, որ գնաճը լինելու է շուկայի սպասումներից բարձր: Այդ դեպքում ԿԲ-ի կողմից տոկոսադրույքի նվազեցում կամ չէր լինի, կամ, նույնիսկ, կարող է այնպիսի դեպքերի հետ առնչվեինք, որ ԿԲ-ն ստիպված լիներ տոկոսադրույք բարձրացնել»,- մանրամասնեց Մարտին Գալստյանը:

Նա ընդգծեց, որ Խորհրդի անդամների մեծամասնության կարծիքով՝ Հայաստանում այս պահին առկա է քաղաքականության տոկոսադրույքի ուղեգծի տիպային Բ սցենարը:

«Երևույթները, որոնք տեղի են ունենում մեր տնտեսությունում, բերում են այն մտքին, որ պիտի լինենք ավելի ընդլայնող, ու դրամավարկային քաղաքականությունը հետզհետե պետք է մեղմանա»,- հայտնեց ԿԲ նախագահը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am