Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ 
Տավուշում սահմանազատման գործընթացի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին անդրադառնալով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և ՀՀ իշխանությունները գնալու են այդ ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նաև նշել է. «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ եթե կա պետություն, պետությունը պետք է ունենա սահմաններ, և այդ պետության ապագան կախված է լինելու նրանից, թե հարևանների հետ սահմաններն ինչքանով են ճշգրտված։ Հակառակ դեպքում միշտ վտանգ կա, այդ վտանգը պետք է չեզոքացնել։ Ոչ թե պետք է սպասել և այդ վտանգը չեզոքացնել այն ժամանակ, երբ այն իրականում արդեն կա, այլ այն ժամանակ, երբ դա չկա, պասիվ վիճակում է»։

Նախագահը հավելել է, որ շատ դեպքերում իշխանությունը չի կարող բանակցային գործընթացից մանրամասներ ներկայացնել սահմանազատման հատվածում գտնվող գյուղերի բնակիչներին, քանի որ դա կարող է խանգարել վերջնական լուծմանը։

«Բայց վստահեցնում և հավատացնում եմ, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք և պատասխանատվություն ենք կրում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ մեզ համար ամենակարևորն այն մարդկանց անվտանգությունն ապահովելն է, որոնք ապրում են այդ գյուղերում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

«Նախկինում, ցավոք սրտի, մենք խնդիրները թողնում էինք ապագային և նույնիսկ հրապարակային էինք այդպես հայտնել մի քանի անգամ։ Հայտնի մի այսպիսի թեզ կար, երբ խոսքը վերաբերում էր Ղարաբաղի խնդրի չլուծմանը՝ «100 տարի էլ կարող ենք այսպես ապրել»։ Տեսանք, որ 100 տարի չի լինում այդպես ապրել, որովհետև ժամանակները, իրավիճակները փոխվում են, և այն, ինչ այսօր կարելի է անել, վաղը չենք կարող։ Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել։ Հիմա եկել է ժամանակը, և մենք գնալու ենք այդ ուղղությամբ»,- շեշտել է նախագահը՝ քաղաքացիներին հորդորելով վստահել իշխանության գործողություններին և չտրվել այն սադրանքներին, որոնք շատ դեպքերում նպատակ ունեն նրանց զգացմունքների վրա խաղալ և իրականությանը չեն համապատասխանում։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am