Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Կրթական հեղինակային խաղեր ստեղծող կազմակերպությունները նոր գործիքներ են ներկայացրել տոնավաճառում

Կրթական հեղինակային խաղեր ստեղծող կազմակերպությունները նոր գործիքներ 
են ներկայացրել տոնավաճառում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը ապրիլի 30-ին «Եվրասիա» համալսարանում կազմակերպել է տոնավաճառ՝ քաղաքացիական կրթության գործիքները ներկայացնելու համար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, տոնավաճառը վերջին մեկ ամսում մարզերում  անցկացված  միջոցառումների ամփոփումն էր։

Տոնավաճառին ներկայացված էին տասնհինգից ավելի կրթական հեղինակային խաղեր ստեղծող կազմակերպություններ՝ «Կազա» հիմնադրամի «Իննովարիում» ծրագիրը, «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, «Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ-ն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը և այլն։

Մասնակից կազմակերպություններն ավելի քան ութը տարի ամենատարբեր նախագծերով ու համագործակցություններով զարգացման ծրագրեր են իրականացնում հանրապետության մարզերում։ Խաղերի միջոցով երիտասարդներին սովորեցնում են մեդիագրագիտություն, հայրենաճանաչություն, ազգային մշակույթ, լեզվական հմտություններ և այլն։ Ուսուցմանը զուգահեռ անցկացվում են  դասընթացներ և քննարկումներ՝ քաղաքացիական մտածողություն ձևավորելու, երկրի զարգացման, առաջխաղացման ու պահպանման համար պատասխանատու անհատներ կրթելու համար։

Հեղինակները ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ շտեմարաններ, ձեռնարկներ, տրամաբանական խաղեր։ Միաժամանակ խաղարկեցին կրթական գործիքները՝ ցույց տալով նորարարական մեթոդների առավելությունները  կրթական գործընթացն արդյունավետ դարձնելու և անհատի ինքնուրույն տրամաբանելու կարողունակությունը զարգացնելու  գործում։

Տաղավարներում խաղարկվող գործիքների շուրջ ստեղծված  ակտիվ քննարկումներին ներգրավվեցին մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներն ու Եվրասիա համալսարանի ուսանողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Եվրասիա» համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, կարևորելով քաղաքացիական կրթության գործիքների (ՔԿԳ) դերը մեր երկրում, ընդգծել է, որ ՔԿԳ-ի  ներդրման ու տարածման գործում մեծ դեր ու նշանակություն ունեն թե՛ բուհերը և թե՛ հանրակրթական հաստատությունները։ ««Եվրասիա» համալսարանը, լինելով հանրապետությունում ամենաերիտասարդ բուհերից մեկը, մեծ նշանակություն է տալիս քաղաքացիական կրթության գործիքների ներդրմանը ուսումնական պրոցեսում։ Մեր համալսարանը հայտարարել է բուհական ուսուցման նոր գործիքների ներդրման քաղաքականություն և ոչ ֆորմալ  կրթության գործիքների ներդրման առումով համապատասխանում է մեր որդեգրած ուղուն»,- ասել է Սուրեն Օհանյանը։

«Կազա» հիմնադրամի տնօրեն Մոնիկա Սարգսյանը բացման խոսքում կարևորել է ժամանակի կրթական մարտահրավերներին  դիմակայելու համար տոկուն և ուժեղ անհատի ձևավորումը։ «Ապագայում այս կրթական խաղերը կհամալրվեն Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և պատմական այլ կերպարներին ներկայացնող թեմատիկ խաղերով, որոնք սերունդներին առավել կմոտիվացնեն ծանոթանալ մեր ազգային արժեքներին»,- նկատել է Մոնիկա Սարգյանը։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am