Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ջազի անսահման ազատությունը՝ Կասկադում. ջազ երաժիշտները մեծ համերգով տոնեցին մասնագիտական օրը

Ջազի անսահման ազատությունը՝ Կասկադում. ջազ երաժիշտները մեծ համերգով 
տոնեցին մասնագիտական օրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջազ երաժիշտներն ու ջազային արվեստի երկրպագուները Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը, տոնեցին բացօթյա համերգային ծրագրով, որն ավանդույթի համաձայն կազմակերպվել էր Կասկադի տարածքում:

Երեկոյին, որն իր շուրջ էր համախմբել հայ և օտար երաժշտասերների, ելույթ ունեցան «Jazz For Kids»-ը, Արցախ ջազ նվագախումբը, Ռաֆայել Պետրոսյան և Սոնա Գյուլխասյան կվարտետը, Արցախի պետական ջազ նվագախումբն ու «Dialog Project»-ը, «Yerevan Calling»-ը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Վահագն Հայրապետյանը և «The Armenian Colors Quartet»-ը, Լևոն Մալխասյան տրիոն, «Արմենիան Նեյվի բենդ»-ը, Արտո Թունչբոյաջյանը և այլք:

Երգիչ Գոռ Սուջյանը հանդես եկավ Արցախի պետական ջազ նվագախմբի հետ, որը ղեկավարեց Տիգրան Սուչյանը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց՝ արդեն քսան տարի է՝ իր համար երաժշտությունը ոճ չունի: 

OLD01023.jpg (554 KB)

«Այն արտիստները, որոնք այսօր ելույթ են ունենում, հենց իրենք ոճ են: Երբ ասում ենք ջազ կամ ռոք, ասես փորձում ենք դարակի մեջ տեղավորել երաժշտությունը, սակայն այդ դարակն ինձ համար այլևս չկա»,-շեշտեց նա:

Սուջյանի կարծիքով՝ լայնամասշտաբ միջոցառումները, համերգները կարևոր են լավ երաժշտության մասսայականացման համար: «Այս բեմում նաև իմպրովիզացիոն երաժշտությունն է, և մարդիկ հաղորդակցվում են այդ երաժշտական ազատությանը, ինչը նաև կրթական նշանակություն ունի: Մենք հրաշալի երաժիշտներ ունենք, և նման հարթակները կարևոր են ինքներս մեզ բացահայտելու համար ևս»,-ընդգծեց երգիչը: 

Ըստ նրա՝ ժամանակին որակյալ երաժշտությունը հինականում ակումբներում է հնչել, և քչերն են այն ունկնդրել, իսկ հիմա այն մեծ բեմերում է հնչում ու ավելի հասանելի է դարձել:

Հայաստանի պետական ջազ նվագախմբի սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը հանդես է գալիս տարբեր ջազային խմբերում և յուրաքանչյուր նվագախմբում յուրովի է արտահայտում իր սերը ջազի նկատմամբ: 

Davit melkonyan.jpg (690 KB)

Ջազի միջազգային օրը նշանակալի իրադարձություն է համարում ոչ միայն ջազ երաժիշտների, այլև արվեստասերների համար: «Արվեստին նվիրված որևէ օր առանձնացնելը, այն էլ միջազգային մակարդակով, երբեք ավելորդ չէ, քանի որ մշակույթն է այն արժեքը, որն ազգին ազգ է դարձնում»,-շեշտեց նա:

Մելքոնյանի համոզմամբ՝ սաքսոֆոնը միշտ մոդայիկ է, և ջազն ու սաքսոֆոնն անբաժան են. սաքսոֆոնը ևս երիտասարդ գործիք է: Այն ի հայտ է եկել 19-րդ դարում, ինչպես և ջազը: «Գաղտնիք չէ, որ ջազն իր հետ շատ այլ երաժշտական ժանրեր է բերել, որոնք պոպուլյար են: Սաքսոֆոնն էլ ջազի հետ լայն տարածում գտավ, սակայն գործիքը լուրջ ասելիք ունի նաև դասական ու ակադեմիական երաժշտության ոլորտում»,-ասաց երաժիշտն ու հավելեց՝ յուրաքանչյուր բան անելիս պետք է անկեղծ ու ազնիվ լինել, ինչն անպայման կգնահատվի:

Թավջութակահար Արտյոմ Մանուկյանը երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում, սակայն երկու տարի առաջ վերադարձել է հայրենիք ու հիմնադրել է «Yerevan Calling» ջազային խումբը, որը հեղինակային գեղեցիկ մեղեդիներով հուզեց ներկաներին: «Խմբում իմ ընկերներն են, որոնց հետ նվագելը մեծ բավականություն է պատճառում: Այն երաժշտությունը, որը գրել եմ Ամերիկայում, չեմ կարող ասել՝ ավանդական ջազ է, բերել եմ այստեղ, տարբեր մեկնաբանություններ տվել ու ներկայացնում ենք տեղի երաժշտասերներին»,-նշեց նա և հավելեց՝ թավջութակը ջազում հաճախ չի հնչում այնպես, ինչպես իրենք են մատուցում:

OLD01177.jpg (597 KB)

Երաժշտի խոսքով՝ թավջութակն ունի յուրահատուկ երանգ, դրամատուրգիա: «Գործիքն ինքնին ասես դրամա թելադրի: Անգամ ակտիվ ստեղծագործությունների պարագաում թախիծ կա»,-հավաստիացրեց Արտյոմ Մանուկյանը:

Նա Երևանը ջազային քաղաք է համարում: Վստահեցնում, որ Հայաստանում հիանալի երաժիշտներ կան, որոնք փառքի են հասել նաև արտերկրում՝ Արտո Թունչբոյաջյան, Տիգրան Համասյան, Վարդան Օվսեփյան և այլք, պարզապես պետք է ունկնդրել նրանց, սիրել այդ երաժշտությունն ու բարձր գնահատել այն:

OLD01362.jpg (684 KB)

Ջազի երկրպագուները համերգին այնքան շատ էին, որ անգամ տարածքում քայլելն էր դժվար: Նրանք մեծ բավականությամբ էին ունկնդրում բոլոր արտիստների, նվագախմբերի ու խմբերի կատարումները:

Երեկոն, որն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի և Ջազի հայկական ասոցիացիայի ջանքերով, եզրափակեցին «Արմենիան Նեյվի բենդ»-ը և Արտո Թունչբոյաջյանը: Ծափահարությունները բուռն էին, ոգևորությունը՝ մեծ:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև: Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30-ը, նշվում է 2012 թվականից:

Հայկ Հարությունյանի

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն: Այդպիսին շարունակում է լինել նաև այսօր... Չնայած ջազի ակունքներում ստրկությունն է՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am