Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված 
ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է «Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:

Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից անդրադարձ է կատարվել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Ռոնան Լը Գլյոն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:  

Ֆրանսիական պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար պարոն Ռոնան Լը Գլյոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հասմիկ Մարտիրոսյանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am