Ժամանակն է Թուրքիային ասել, որ նրա տեղն Ասիայում է. Սարկոզի

Armenpress 13:12, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ով ցանկանում է մասնակցել 2017 թվականի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելու պարագայում կդադարեցնի Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Telegraph-ը:

«Կարծում եմ` եկել է ժամանակը Թուրքիային ասելու, որ նրա տեղն Ասիայում է»,- ասել է Սարկոզին:

Խոսելով ԵՄ-ից` նա նշել է, թե կցանկանար, որ Մեծ Բրիտանիան վերանայի Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվեի արդյունքները և կրկին միանա կառույցին: 

Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2007-2012 թվականներին պաշտոնավարած Նիկոլա Սարկոզին մայիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար պետք է նախ հաղթանակ տանի նոյեմբերի 20-ին և 27-ին կայանալիք փրայմերիզներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am