Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Չինաստանում նշում են «Լուսնի տոնը». տոնի շրջանակներում լրագրողների հետ հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

Չինաստանում նշում են «Լուսնի տոնը». տոնի շրջանակներում լրագրողների հետ 
հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը

ՊԵԿԻՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նշում են «Լուսնի տոնը», որը համարվում է ընտանեկան տոն և մեծ տարածում ունի ամբողջ երկրում:

«Լուսնի տոնը» Չինաստանում նշում են ջերմ, ընտանեկան միջավայրում. մարդիկ ընտանիքներով հավաքվում և հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով։ Չինաստանում համարում են, որ լիալուսինը խորհրդանշում է մեկ վայրում միասին հավաքված ընտանիքը: Տոնի անփոխարինելի ատրիբուտներ են համարվում լապտերները և լուսնաձև թխվածքաբլիթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոնի առիթով Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողների հետ հանդիպում ունեցավ Չինաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հուա Չունյինը:

««Լուսնի տոնը» ավանդական ընտանեկան տոն է, որի ընթացքում ընտանիքները վերամիավորվում են: Եվ, տեսնելով, թե ինչպես է ձեզնից յուրաքանչյուրը ժպտում, վայելում այս հանդիպումը, մենք այնքան լավ ենք զգում մեզ. սա նման է իսկական ընտանեկան հավաքի: Իսկապես մեր հավաքը զարգացող երկրների մեծ ընտանիքի եղբայրների և քույրերի վերամիավորում է»,- ասաց նա:  

Հուա Չունյինի խոսքով` Չինաստանում անհամբերությամբ են սպասում հոկտեմբերի 16-ին կայանալիք Չինաստանի Կոմունիստական Կուսակցության 20-րդ համագումարին:

«Կոմունիստական Կուսակցության 20-րդ համագումարը նոր նշաձող կլինի Չինաստանի համար: Չին ժողովուրդը մեծ սպասումներ ունի առաջիկա համագումարից: Մենք գիտենք, որ դեպի ապագա մեր ճանապարհը հեշտ չի լինի, քանի որ, ինչպես գիտեք, մի շարք երկրներ չեն ցանկանում Չինաստանի առաջխաղացումը և խոչընդոտում են դրան: Բայց մենք վստահ ենք Չինաստանի ապագայի հարցում: Եվ ինչպես նախագահ Սին Ծինփինն է ասել, Չինաստանի վերածնունդը պատմական անխուսափելիություն էր, և ոչինչ չի կարող խանգարել չին ժողովրդին ավելի լավ ապրելու հարցում»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ Չինաստանի զարգացումը նաև զարգացող երկրների զարգացումն է: Նրա խոսքով՝  որքան ուժեղ լինի Չինաստանը, այնքան ավելի ամուր կլինի  համաշխարհային խաղաղությունը:

Նա հավելեց, որ Չինաստանը երբեք պատերազմ չի սկսել և չի սկսի որևէ երկրի դեմ, երբեք չի սպառնա ոչ մի երկրի: «Ամբողջ աշխարհի համար Չինաստանի զարգացումը նշանակում է ավելի շատ խաղաղություն: Զարգացող երկրների մեր եղբայրների համար Չինաստանի զարգացումը նշանակում է նոր հնարավորություններ և առավելություններ»,- նշեց Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am