Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»։ Իսկ նա շտապում էր լրումին հասցնելու իր անելիքը

«Ասաց՝ չէ, քո աչքերն ինձ դուր եկան…»։ Իսկ նա շտապում էր լրումին հասցնելու իր 
անելիքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր է խաղացել Արտաշես Հայ-Արտյանը. այն ժամանակ ես աշխատում էի Գյումրիում, եւ հանկարծ հեռագիր եկավ, որ «քեզ հրավիրում են Երեւան փորձնական նկարահանումների՝ «Պատվի համար» կինոնկարում Մարգարիտի դերի համար»: Պարզապես զարմացա՝ այն ժամանակ ես դեռ նոր էի սկսել, այնքան մեծ ճանաչում չունեի: Եկա մայրաքաղաք, մտա ստուդիա, Հայ-Արտյանը դիմավորեց ինձ, ասաց՝ նստեք, Ձեզ հրավիրել ենք այս դերի համար: Սեղանի վրա տեսա շատ գեղեցիկ աղջիկների նկարներ: Իսկապես գեղեցիկ: Մի քիչ կարկամեցի, արդեն չզսպեցի ինձ, ասացի՝ ընկեր Հայ-Արտյան, տեսեք որքան գեղեցիկ աղջիկներ կան, մի՞թե Դուք որեւէ մեկին չկարողացաք ընտրել: Ասաց՝ չէ, ինձ քո աչքերը դուր եկան, ես քեզ նկարում եմ միայն աչքերիդ համար… Շատ ուրախացա, որովհետեւ առաջին քայլն էր կինոյում: Երկու փորձ արեցի՝ Մարգարիտի եւ Ռոզալյայի: Ծանրութեթեւ արեց եւ կանգ առավ Մարգարիտի վրա: Ես երջանիկ եմ, որ բախտ ունեցա այդ ֆիլմում նկարվել մեծ արտիստների հետ, ինչպիսիք են Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը…»:

Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

«Պատվի համար»՝ հայ կինոարվեստի մնայուն արժեքներից մեկը, որ նկարահանվել է 1955-ին եւ մեզանում առաջին անգամ ցուցադրվել կրկեսի, այսպես կոչված, «կինոդահլիճում», երբ ավարտված էր լինում կրկեսային ներկայացումների շրջանը: Ինչպես այն օրերին ֆիլմը դիտողներից Գարիկ Ղազարյանն է վերհիշում՝ կինոնկարը խորապես հուզել է հանդիսատեսին, շատերի աչքից արցունք քամել մանավանդ այն տեսարանով, երբ Արտաշես Օթարյան-Խաչիկ Նազարեթյանը արցունքն աչքերին գրկում է ինքնասպան Մարգարիտին՝ Վարդուհի Վարդերեսյանին: Իսկ ֆիլմը նկարահանել էր դերասան, կինոռեժիսոր Արտաշես Հայ-Արտյանը, որին շատերը պատվաբեր «հայրիկով» են դիմել…

Խստապահանջ ու սկզբունքային արվեստագետը ծնվել է 1899 թ.,Կարսի մարզի Նախիջեւան գյուղում, սովորել Երեւանի դրամատիկական եւ Մոսկվայի հայկական թատերական ստուդիաներում, ավարտել պետական կինեմատոգրաֆիական տեխնիկումի դերասանական ֆակուլտետը,1927-ին՝ Մոսկվայի կինոինստիտուտը եւ աշխատանքի անցել մոսկովյան կինոստուդիայում, բեմադրել «Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ», «Հոտաղ» ֆիլմերը: Շարունակելով մասնագիտական ուսումնառությունը ռուսաց մայրաքաղաքի պետական բարձրագույն կինոինստիտուտի ռեժիսորական բաժնում, որոշ ժամանակ անց աշխատանքի է հրավիրվել «Հայկինո»: 1937-ին թողարկել է հին սերնդին քաջածանոթ իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Կարո»-ն, որի սցենարի համահեղինակն էր: Երեք տարի եւս՝ եւ 1940-ին էկրան է բարձրանում Հայ-Արտյանի երկրորդ գեղարվեստական աշխատանքը՝ «Մեր կոլխոզի մարդիկ» խորագրով: Այդպիսին էր ժամանակի գաղափարախոսության պահանջը, իսկ կինոռեժիսորը, որ գուցեեւ հավատում էր այդ հասարակարգում իր հայրենիքի ծաղկումին, նաեւ հայ-ռուս բարեկամության հավատավոր էր: Այս ֆիլմից հետո նա ստիպված է լինում երկար տարիներ զբաղվել կինոօրինակումներով՝ մինչեւ հնարավորություն է ընձեռվում կյանքի կոչելու անժամկետանց «Պատվի համար»-ը: Այն նախ ցուցադրվում է Մոսկվայում՝ Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակի օրերին, 1955 թ.:

Հետո էկրան էր բարձրանալու «Հյուսիսային ծիածան»-ը՝ միակ ֆիլմը, որտեղ տեսնում ենք ռուս մեծ գրող ու մեր ժողովրդի նվիրյալ Ալեքսանդր Գրիբոյեդովին, որի գլուխգործոց «Խելքից պատուհաս»-ն առաջինը ներկայացվել է այստեղ՝ Երեւանում, 1828-ին: Իսկ հայ հին, ավանդական բարքերն ու դրանց ողբերգական հետեւանքներն ի ցույց դնող «Լալվարի որսկանը», որն այսօր էլ անտարբեր չի թողնում զգայուն հոգիներին, ստեղծվել է անցյալ դարի վաթսունականների կեսերին…

Ինչպես նշում են կինոգետները՝ Արտաշես Հայ-Արտյանը մշտապես շտապել է լրումի հասցնել իր անելիքները. «Պատվի համար»-ը նկարահանելիս գլխավոր դերակատարներից երկուսին՝ հանճարեղ Հրաչյա Ներսիսյանին մնում էր ընդամենը հինգ տարվա երկրային կյանք, Ավետ Ավետիսյանին՝ քիչ ավելի: Ուշացնելու դեպքում կարող էին նրանք այլեւս զարդարած չլինել խորը ասելիքով մեծարվեստ այս կինոժապավենը:

Հայ կինոարվեստին իր անուրանալի ավանդը բերած արվեստագետի ծննդյան օրը մոռացության մատնելն անարդար կլիներ: Իսկ մեր այս համեստ անդրադարձը տեղին է, որ՝ ինչպես սկսեցինք, նաեւ ամփոփենք հայ բեմի եւ կինոյի անկրկնելի դերասանուհու՝ Վարդուհի Վարդերեսյանի խոսքով. «Սրտի սրտի մեջ, ինչպես սիրում էր ասել Վահրամ Փափազյանը, հազվադեպ մարդիկ են լինում: Հայ-Արտյանը իմ սրտի սրտի մեջ է…»:

Եվ ոչ միայն դերասանուհու:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am