Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով

Հմայիչ դերասանուհին՝ Ժասմեն անունով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բեմարվեստի պատմության մեջ բազմաթիվ դերասանուհիներ են նշանավորվել, իրենցից հետո բեմ բարձրացողների համար դարձել կատարելության չափանիշ՝ Սիրանույշ, Ազնիվ Հրաչյա, Արուսյակ Փափազյան, Օլգա Գուլազյան, Արուս Ոսկանյան, Հասմիկ, Արուս Ասրյան, Մետաքսյա Սիմոնյան, Վարդուհի Վարդերեսյան, Վերջալույս Միրիջանյան, Գալյա Նովենց, Ժենյա Ավետիսյան, անխամրելի այլ անուններ, որոնցից մեկն էլ Մարիամ Գրիգորյանն է՝ Ժասմեն արտիստական անունով:

Բազմաթիվ մեծանուն հայերի ծննդավայր Թիֆլիսում հաստատված բանվորի ընտանիքում է լույս աշխարհ եկել ապագա դերասանուհին: Սոցիալական ծանր պայմաններ, դժվարին մանկություն, ասել է թե՝ տարրական կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակելու անելանելի վիճակ: Եվ ստիպված ընդունվում է Հայոց բարեգործական ընկերության կարուձեւի դպրոց՝ արհեստ սովորելու, օգտակար լինելու ընտանիքին: Այս նույն դպրոցի սան եղել էր նաեւ Օլգա Գուլազյանը: Բայց բնությունը բարեհաճ էր գտնվել արհեստ սովորող աղջնակի նկատմամբ՝ Ժասմենին օժտել էր սքանչելի ձայնով, շնորհիվ որի երգելու էր նախ Ռոմանոս Մելիքյանի, ապա նաեւ Կոմիտասի ղեկավարած քառաձայն երգչախմբում: Իսկ թատրոնի հետ կապվելու էր սիրողական խմբերի միջոցով, խաղալու էր «Էդիպ արքա» ներկայացման մեջ, որի գլխավոր դերակատարը վաստակաշատ Ամո Խարազյանն էր: Հենց նա էլ նկատում է Ժասմենի դերասանական շնորհքը եւ ընդունում իր ղեկավարած խումբ, որը ներկայացումներ էր տալիս Թիֆլիսի «Հավլաբար» աշխատավորական ընկերության շրջանակներում:

1909-1910 թթ. թատերաշրջանում տասնհինգ-տասնվեց տարեկան պարմանահասակ դերասանուհուն բախտ է վիճակվում հանդես գալ Թիֆլիսի Արտիստական թատրոնում՝ ժամանակի հայ բեմի վարպետների հետ: Այստեղ էլ նորահայտ դերասանուհու տաղանդը չի վրիպում Հովհաննես Աբելյանի հայացքից. նա լրջորեն հետեւում է նորեկի՝ դերից դեր զարգացման ընթացքին: Արդյունքում՝ 1912-ին Ժասմենը դառնում է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի ստուդիայի ազատ ունկնդիր: Մեկ տարի անց Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը կրկին ընդունում է Մոսկվայից վերադարձած Ժասմենին՝ արդեն նրան վստահելով ոչ թե երկրորդական, այլ բարդ ու դժվարին առաջնակարգ դերեր. Մարգարիտ՝ «Պատվի համար», Սոնա՝ «Չար ոգի», Սուսան՝ «Նամուս», Տրիլբի՝ «Տրիլբի», Ռուքայա՝ «Դավաճանություն», Դեզդեմոնա՝ «Օթելլո» ներկայացումներում: Այս դերերից, ինչպես վկայում են թատերարվեստի խորագիտակները, ամենանշանավորը, որով փայլել է դերասանուհին, Մարգարիտն է: Հերոսուհու կերպավորումը պատրաստվել է Հովհաննես Աբելյանի շահախնդիր ցուցումներով ու խորհուրդներով: Ժասմենն այն մարմնավորել է երեք տասնամյակ անընդմեջ՝ խորացնելով ու կատարելագործելով դրամատիկ այս կերպարը:

Ժասմենին բախտ էր վիճակվելու դառնալ նաեւ հայահոծ Բաքվի նորաստեղծ Հայ դրամայի առաջին դերասանուհին, միայն մեկ թատերաշրջան՝ 1924-1925 թթ., անցկացնել Երեւանում՝ այնքան ժամանակ, որքան գոյություն էր ունենալու հայոց մայրաքաղաքի հեղափոխական կոչված նշյալ թատրոնը: Այս թատրոնի փակումով էլ պայմանավորված էր նրա վերադարձը կրկին Բաքու՝ տասնամյակներ շարունակ մնալով Հայ դրամայի առաջատար ու առաջնակարգ դերասանուհին: Սակայն իր դռներն էր փակելու նաեւ դրամայի թատրոնը: Այդուհետ դերասանուհին տեւական ժամանակ հեռանալու էր բեմից եւ տասը տարվա ընդմիջումից հետո կրկին բեմ բարձրանալու Սունդուկյանի անվան թատրոնում՝ մարմնավորելով Կրուչինայի դերը «Անմեղ մեղավորներ»-ում: Որպես հասուն, գունեղ դերակատարումներ՝  հիշատակվելու էին նրա Կատըրինան՝ «Ամպրոպ», Ռուզանը՝ «Ռուզան», Լաուրենսիան՝ «Ոչխարի աղբյուրը» բեմականացումներում:

Ժասմենն իր հետքն էր թողնելու նաեւ հայ կինոյի վաղ շրջանի էկրանավորումներում՝ «Սեւիլ», «Կիմը՝ հերթապահ», «Մեքսիկական դիպլոմատներ»: Արվեստագետի լուսավոր հետագիծ, որ ձգվում է հեռու ժամանակներից՝ անմոռանալի պահելով այս հմայիչ դերասանուհուն՝ Ժասմեն անունով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am