Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ՀՀ նախագահ Խաչատուրյանը և օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը քննարկել են մշակութային քաղաքականության հարցեր

ՀՀ նախագահ Խաչատուրյանը և օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը քննարկել 
են մշակութային քաղաքականության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 17-ին ընդունել է մեծանուն օպերային երգիչ և մշակութային գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահը նշել է, որ լինելով աշխարհահռչակ երգչի վաղեմի երկրպագուն, մշտապես բարձր է գնահատել նրա բացառիկ կարիերան միջազգային ամենահեղինակավոր բեմերում, համագործակցությունն արվեստի համաշխարհային մեծությունների հետ, տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունն ու կապերը։

«Այսօր, երբ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության զարգացման մասին, կարևորում ենք մարդուն, իսկ դուք այն մարդկանցից եք, ով իր գործունեությամբ, իր տաղանդով լավագույնս է ներկայացնում մեզ և մեր մշակույթը: Գնահատելի է նաև այն, որ անկախության տարիները Դուք անցկացրել եք պետության հետ, Ձեր ստեղծագործական գործունեությունը ծավալելով հայրենիքում, միաժամանակ հանդես գալով նաև աշխարհի տարբեր բեմերում»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:

Բարսեղ Թումանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր գործունեությունը խարսխված է հայ ազգային մշակույթի լավագույն ավանդույթների պահպանության ու հանրահռչակման սկզբունքների վրա:

Զրույցի ընթացքում քննարկվել են ազգային մշակույթի ակունքների վերհանման ու մշակութային քաղաքականության հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է մշակույթի ազգային հայեցակարգի ձևավորման կարևորագույն դերն ազգի դիմադրողականության և միջազգային հեղինակության բարձրացման հարցում: Հանրահայտ երաժիշտը նշել է, որ աշխարհին ներկայանալու լավագույն տարբերակը մշակութային ինքնության և յուրահատկության պահպանությունն ու հանրահռչակումն է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մշակութային միջավայրում և հատկապես օպերային երգարվեստում առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

Հանրապետության նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել դասական երաժշտության ու երկրի մշակութային կյանքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am