Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս…

Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս…

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ապրելու եւ սիրվելու իրավունքով ծնված բանաստեղծը միայն կյանքի «սեւ կաթը» ըմպեց, բայց երբեք չդավաճանեց իր քնարին ու վեհ կոչմանը: Իր մեծ նախորդ Սայաթ-Նովայի նման զայրացավ, բայց երբեք չանիծեց…»:

 

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Հայ գրականության հանճարեղ պատանիներից մեկը՝ ծնված Պոլսո Սկյուտար թաղամասում, դառը մանկություն է ունեցել, որն անցել է աղքատ պայմաններում: «Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի: Երբ խելահաս եղա, բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի: Երբ պատանի եղա, շատ անգամ արցունքս մորմես ծածկելով՝ կուտեի ցամաք հացը…»,- այսպես է վերհիշել «օրական հաց ճարող» դարբին Աբրահամի բանաստեղծ որդին՝ Պետրոս Դուրյանը, ով թեեւ լուսաշխարհ էր եկել Աստծո համբույրը ճակատին, բայց ճակատագիրը նրան չափազանց վաղաժամ մահով էր պատուհասելու…

Վեց տարեկան հասակում Սկյուտարի ճեմարան ընդունված աշակերտը փայլուն գնահատականներով ավարտում է այս կրթօջախը, որտեղ դասավանդում էր խոշորագույն երգիծաբան Հակոբ Պարոնյանը: Գրողն անսահմանորեն սիրել է նրան եւ մեծ ազդեցություն թողել տաղանդավոր իր սանի վրա: Իսկ ճեմարանական Դուրյանի գրական հետաքրքրությունները եղել են բազմակողմանի: Դեռ ուսումնառության տարիներից սկսում  է գրել տաղեր, թատերախաղեր, կատարել թարգմանություններ: Ընտանեկան ծանր վիճակն ստիպում է զբաղվել ամենատարբեր աշխատանքներով՝  խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան: Բայց դրանցից ոչ մեկը նրա սրտովը չէր, եւ տանջվում էր, որ չի կարողանում օգտակար լինել ծնողներին:

Երիտասարդ բանաստեղծը Հակոբ Վարդովյանի «Թատրոն օսմանիեին» առաջարկում է բեմադրել իր «Վարդ եւ Շուշան» թատերախաղը: 1869-ին «Կետիկ Փաշա»-ում առաջին անգամ բեմադրվում է այս ներկայացումը, որի երաժշտության հեղինակը Տիգրան Չուխաջյանն էր: Բեմադրության հաջող ընթացքից հետո Վարդովյանը եւ Դուրյանն սկսում են համագործակցել: Բեմադրիչը ոչինչ չէր խնայում երիտասարդ դրամատուրգի գործերը ներկայացնելու համար:

Այս նույն թվականը դառնում է Դուրյանի հրապարակախոսային գործունեության վերելքի տարի: Դեռեւս փետրվարին «Վարդ եւ Շուշան» ներկայացման հետ Վերգինե Ղարադաշյանի արտասանությամբ «Թատրոն օսմանիեի» բեմից հնչել էր նրա «Հիշատակ» խորագրով՝ հետագայում չպահպանված տաղը: Այնուհետեւ «Օրագիր ծիլն Ավարայրվո» թերթում հրապարակվում է «Ձոն առ Հայրիկն Խրիմյան ազգասեր նորընտիր պատրիարք Կ Պոլսո» բանաստեղծությունը, որը նրա առաջին տպագիր գործն է: Այս բանաստեղծությունը շատերին է հետաքրքրում, հավանում է նաեւ ժամանակին հայտնի Խորեն Նարպեյը: Նա իր մոտ է հրավիրում Դուրյանին, զրուցում՝ խոստանալով ոչ միայն աշխատանք գտնել, այլեւ հրատարակել տաղերը: Նրա միջնորդությամբ բանաստեղծը դառնում է Որդիկ անունով բեյի տնային ուսուցիչը: Բայց այդ ո՞ր մեծահարուստն է եղել շռայլ ու անկծիծ. կրճատում է ուսուցչի աշխատավարձը, ինչից ստիպված՝ Դուրյանը թողնում է ուսուցչությունը: Այդ առիթով ընկերոջը գրում է. «Հիմակվան գործատերերը կով կուզեն գործածելու եւ աշխատեցնելու, ոչ թե մարդ»:

Կարիքն ստիպում է դառնալ դերասան, ընդունվել Վարդովյանի թատերախումբը։ Սակայն «Սկյուտարի սոխակի» բեմական գործունեությունը կարճ է տեւում: «Թատրոն օսմանիեի» տնօրեն Վարդովյանը վատ է վարվում Պետրոս Դուրյանի հետ, եւ նա ճարահատ՝ հեռանում է թատրոնից: Մնալով անգործ՝ լիովին նվիրվում է գրական գործունեությանը:

Անապահով տնտեսական վիճակը, ստեղծագործական բուռն աշխատանքը քայքայում են բանաստեղծի առողջությունն ամբողջովին: 1871-ի սկզբներին ի հայտ են գալիս նրա մահացու հիվանդության՝ թոքախտի առաջին նշանները: Ամիսներ անց բանաստեղծն արդեն անկողնային հիվանդ էր: Դերասանուհի ազնիվ Հրաչյան իր ինքնակենսագրականում հիշում է Վարդովյանի թատերախմբի ամառային սեզոնի առաջին փորձը, թե ինչպես Դուրյանը, տետրակը թեւի տակ դրած, բեմ է բարձրանում: Նա գնացել էր ներկայացնելու իր «Թատրոնը»՝ ակնկալիքով, որ Վարդովյանը կընդգրկի այն իր թատերախմբի խաղացանկում. «Ներս մտավ պատանի մը՝ երկար հասակով ու երկայն վզով, ուներ երկայն քիթ, գունատ էր: Մոխրագույն ու շատ մաշված զգեստ էր հագած, թեւքին տակ կար տետրակ մը: Երբ երեւցավ, դերասանուհիներն սկսան ծիծաղել՝ ըսելով. «Քա՛, Թերեզա՛, քուկինդ եկավ»: Իսկ Թերեզան պատասխանեց. «Այնքան գունատ է, որ ինձ պետք չէ, շուտով կմեռնի…»: Ես լսեցի այդ խոսքերը, բայց չէի կարծեր, թե պատանին ալ լսած էր… Երբ իր մահեն հետո կարդացի անոր բանաստեղծությունները, ան ատեն իմացա, թե ան ալ լսած էր Թերեզա Չուխաճեանի խոսքերը, քանի որ գրել էր.

Շատերը զիս մերժեցին,

«Քնար մ՛ ունի սոսկ, ըսին,

Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»,

Մյուսն ալ ըսավ. «Կմեռնի…»:

Եվ մեռավ բանաստեղծը ընդամենը 20 տարին բոլորած հասակում:

«Հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն, պիտի փնտրե՜ն զիս…». վաղամեռիկ բանաստեղծի խոսքերն են՝ ասված մահվան վարագույրն իջնելուց մեկ օր առաջ…

Պետրոս Դուրյանից մեզ է հասել 39 բանաստեղծություն: Դրանցից գեղարվեստական կատարելության  գործեր են «Սիրել», «Դրժել», «Լճակ», «Տրտունջք»  մարգարիտները: Տասնյակ լեզուներով են թարգմանվել նրա լավագույն ստեղծագործությունները: Ընդամենը քսան գարուն տեսած քնարերգուն իր արժանի տեղն է նվաճել հայ դասականների հավաքական պսակում: «Նա է մեր նոր քնարերգության առաջին մեծը եւ միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետեւ նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը». մեծն Պարույր Սեւակի գնահատանքն է, որով ասված է ամեն ինչ:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am