Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ուղղափառության գաղափարախոսությունը՝ ռուս գրողների գործերում. Երևանում կայացել է 12 հատորանոց մատենաշարի շնորհանդեսը

Ուղղափառության գաղափարախոսությունը՝ ռուս գրողների գործերում. Երևանում 
կայացել է 12 հատորանոց մատենաշարի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի,  Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Միխայի Լերմոնտովի,  Սերգեյ Եսենինի, Վասիլի Շուկշինի, Միխայիլ Շոլոխովի, Միխայիլ Լոմոնոսովի ստեղծագործություններում ուղղափառության գաղափարախոսությանը:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը,  Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը,   «Ռուսական գրքի տուն» ՀԿ տնօրեն Ստեփան Կիրակոսյանը, պետական և հոգևոր այրեր, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչներ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և անդրադարձել հայ-ռուսական մշակութային կապերի բազմադարյա պատմությանն ու մշակույթների փոխկապակցությանը. «Մշակույթը միավորում է մարդկանց, հասարակություններին և ազգերին՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելիությունից, և մեր միջև առկա է փոխըմբռնման ու փոխադարձ հարգանքի այս անսպառ աղբյուրը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները մշակույթի և կրթության ոլորտում ոչ միայն շարունակում են զարգանալ, այլև ձեռք են բերում նոր ձևաչափեր։ Դրա վկայությունն են այսօրվա միջոցառումը, օրեր առաջ Երևանում անցկացված  մշակույթի ոլորտի հայ-ռուսական կրթական ֆորումը, 2022 թվականին Ռուսաստանում անցկացված հայկական մշակույթի և Հայաստանում անցկացված ռուսական հոգևոր մշակույթի օրերը, ինչպես նաև մի շարք համատեղ այլ միջոցառումներ, նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են երկու երկրներում»։

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» և «Ռուսական գրքի տան» ղեկավարներին՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը խթանելու և  մշակույթի միջոցով կապերն առավել ամրապնդելու  հնարավորության համար:

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել նաև «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի  առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Իրենց խոսքում բանախոսներն անդրադարձել են հայ-ռուսական հոգևոր-մշակութային կապերին և նշել, որ շնորհանդեսի անցկացումը Հայաստանում հատկանշական է, քանի որ մատենաշարում ընդգրկված գրողները նույնպես ստեղծագործական, հոգևոր, մշակութային, բարեկամական կապեր են ունեցել Հայաստանի և հայ մտավորականների հետ:

Շնորհանդեսի շրջանակում տեղի է ունեցել գրադարաններին «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարի նվիրատվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am