Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայոց Քաշաթաղի գանձերը…

Հայոց Քաշաթաղի գանձերը…

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 25 եւ ավելի տարիներ բնակվելով ու աշխատելով Քաշաթաղի շրջանի կրթական համակարգում, այնուհետեւ՝ «Մերան» շրջանային պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր՝ շրջել եմ Արցախի Հանրապետության ողջ տարածքով: Ընթացքում զբաղվել եմ նաեւ տարածքի պատմական հուշարձանների ուսումնասիրմամբ: Հայկական բնօրրան ներկայիս Քաշաթաղի շրջանը հայաթափ էր եղել 1750-1920-ական թվականների ընթացքում, որոշ հատվածներ՝ նույնիսկ 1950-80-ական թվականներին: 1992-93 թվականների Արցախյան գոյամարտի արդյունքում այս տարածքներն ազատագրվեցին, եւ շուտով սկսվեց վերահայացումը: Պարզվեց՝ չնայած մեր երկրին տիրացած օտարներն այդ ընթացքում ավերել ու հիմնովին ոչնչացրել էին շատ բնակավայրերի եկեղեցիները, հանգստարանները, այնուամենայնիվ, պատմական բնակավայրերում, դրանց հարեւանությամբ պահպանվել են հայոց մասին պատմող դարավոր վկաներ՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, գերեզմանոցներ՝ խաչքարերով ու տապանաքարերով, կամուրջներ, ջրաղացներ, աղբյուրներ: Շատ են նաեւ նախաքրիստոնեական շրջանի դամբարաններն ու բնակատեղիները, բերդ-ամրոցները, քարանձավ-ճգնարանները…

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱն

 

Եվ ահա ընթերցողի սեղանին է մեր գրչընկերոջ՝ մանկավարժ-լրագրող, անդուլ ուսումնասիրող Զոհրաբ Ըռքոյանի շուրջ 30 տարվա անխոնջ տքնանքի արգասիք «Հայոց Քաշաթաղ» մեծարժեք գիրք-ալբոմը՝ հրատարակված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական խորհրդի երաշխավորությամբ: Տեղին է վերհիշել, որ դեռեւս 2010-ին Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ եւ Բերձորում գործող «Հայեր» ակումբի նախաձեռնությամբ մայրաքաղաք Ստեփանակերտում լույս էր տեսել  նրա հեղինակած «Մեր Քաշաթաղը» լուսանկարների գիրք-ալբոմը՝ եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն սեղմ մեկնաբանություններով: Հեղինակն այդ «փաստագրական», օտարների համար «աչք բացող» գրքից նվիրել էր Մինսկի խմբի համանախագահներին, ովքեր այդ օրերին գտնվել էին հայաշեն Արցախում, այցելել նաեւ Բերձոր:

scan0002.jpg (2.83 MB)

Իսկ ինչպես էր սկսվել լրագրողի հետաքրքրասիրությունն Արցախ աշխարհի մշակութային ժառագության նկատմամբ: Ինչպես նախաբան խոսքում նշում է ինքը՝ հեղինակը, 1996-ին առաջին անգամ լինում է Հարար գյուղում, ծանոթանում 16-րդ դարում կառուցված կիսաքանդ Սուրբ Ստեփանոս եկեղեցուն, նույն օրերին այցելում Քաշաթաղի շրջանի ամենահայտնի սրբավայրը՝ Ծիծեռնավանք, որի՝ «4-րդ դարում կառուցված Սուրբ Գեւորգ բազիլիկ եռանավ տաճարը կանգուն էր՝ դարձյալ կիսաքանդ վիճակում: Այսպես սկսեց ծանոթանալ մեր պապերի թողած մշակութային ժառանգությանը, լուսանկարել, դրանց մասին լուսաբանել մամուլում»:

Այնուհետեւ շրջվարչակազմի առաջին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի հետ սկսում են այցելել հնավայրեր, սրբավայրեր: «Տարբեր բնակավայրերի բնակիչները, անտառապահները, որսորդները, փայտահատները, հովիվները, մեղվապահները, գյուղատնտեսները, առավելապես դպրոցականները պատահաբար նոր հուշարձաններ էին տեսնում եւ, իմանալով, որ զբաղվում եմ դրանց ուսումնասիրմամբ, լուսաբանմամբ, տեղեկացնում էին ինձ,- գրում է հեղինակը:- Ընթացքում նույն հուշարձանների ուսումնասիրմամբ, լուսաբանմամբ ինձ միացան նաեւ հնագետներ, մշակութային գործիչներ Երեւանից եւ Ստեփանակերտից՝ Գագիկ Սարգսյան, Արտակ Գնունի, Լեւոն Մկրտչյան, Արսեն Բոբոխյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Սլավա Սարգսյան…»:

Տարիների ընթացքում հավաքված, ուսումնասիրված  մեծաքանակ նյութերը բավարար էին առաջինից առավել ընդգրկուն գիրք հրատարակելու համար: Այն նախատեսված էր լույս ընծայել 2020 թվականին, սակայն 44-օրյա աղետալի պատերազմը խանգարեց դրան: Եվ ահա այսօր սեղանին է մեզանից, վստահ եմ, ժամանակավորապես հափշտակված Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմամշակութային արժեքների գիրք-ալբոմային համապատկերը՝ որպես «ծննդյան ու ազգային պատկանելության» անվիճարկելի ու շքեղ գանձարան, որպես յուրօրինակ վկայագիր դարեր շարունակ հայոց արարող ձեռքի ու հանճարեղ մտքի:

Գրքի երկէջյա պատմական ակնարկում ներկայացված է հատկապես Մելիք Հայկազյան տոհմի շնորհիվ 15-րդ դարասկզբից հզորացած Քաշաթաղ աշխարհը՝ սկսյալ վաղնջական ժամանակներից, մատենագրական հիշատակարաններից, պատմագիրների վկայություններից առ մեր օրերը: Շահեկան եմ համարում կարեւոր մի մեջբերում սույն ակնարկից եւս. «Մինչեւ 1750-ական թվականները Աղահեճք-Քաշաթաղ գավառում հայն էր բնակվում, արարում, շենացնում: Իհարկե, մինչեւ այդ շատ ասպատակողներ են անցել Հայոց այս տարածքով, հարեւան գավառներով, սակայն հայը մնաց իր երկրի տերը: 18-րդ դարի 20-ական թվականներին սկսվեցին ազատագրական կռիվները Սյունիքում ու Արցախում՝ ընդդեմ պարսկական եւ թուրքական տիրապետության: Եղան հաղթանակներ, հաջողություններ Դավիթ Բեկի, Մխիթար սպարապետի, Արցախի մելիքների գլխավորությամբ: Բայց եկավ մի շրջան, որ փոխվեց իրադրությունը. մարտադաշտում վիրավորվելուց հետո վախճանվեց Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը դավաճանաբար սպանվեց, Վարանդայի Մելիք Հուսեինի մահից հետո նրա որդի Մելիք Շահնազարը դավաճանեց հայրենիքին ու Շուշի ամրոցը հանձնեց Փանահ խանին…»: Այն Շուշին, որ «լեռնային հարսանիքից» հետո վերստին հայացել էր մեր ջահել աստվածների արյան ու կյանքերի գնով, բայց…

Զոհրաբ Ըռքոյանի գիրք-ալբոմը հայրենիքի նվիրյալ անձի, հայրենի հողի հանդեպ պաշտամունքի հասնող սեր ունեցող անհատի աներեւակայելի աշխատասիրության ծնունդ է: Ճանաչողական ակնարկներով՝ հուշարձանի ճարտարապետական հորինվածք, գտնվելու վայր, կառուցման ժամանակաշրջան, իրավիճակ եւ այլ մանրամասներ, ներկայացվում են անձեռակերտ հրաշալիքները՝ Աղավնո հովտի Ծիծեռնավանքն ու Մելիք Հայկազյանների ապարանքը, Զիրիկի հանգստարանը՝ անտառում, Տանձուտի ժայռափոր եկեղեցին, Սթունիսները, տապանաքարեր Ղուշչի գյուղում, Մկնատամի եկեղեցին, Վարազգոմի վանքը, Միրիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին, խաչքարեր, ժայռապատկերներ, վիշապաքարեր, գյուղատեղիներ ու կիսավեր ամրոցներ՝ պատկերված տարբեր դիտանկյուններից: Հետազոտողի նույն տեսանող հայացքն է Արցախի Վայկունիք գավառի, Հոչանց եւ Հակարի գետերի հովիտներում հայ մարդու ձեռամբ կերտված կոթողների ներկայացման պարագայում: Ծանոթանալով անհաշվելի թվաքանակով այս սքանչելիքներին՝ ակամայից կարող ես մտածել, թե հեղինակը դադարի պահ իսկ չի ունեցել, կամ արվածը մի ամբողջ գիտական արշավախմբի մեղվաջան աշխատանքի արդյունք է: Հիացնող, միեւնույն ժամանակ նաեւ սիրտ ու հոգի ցավեցնող է քաշաթաղյան հայաշունչ այս պատկերասրահ-գանձարանը, որի «բնորդներն» այսօր շնագայլերի տնօրինության տակ են հայտնվել: Մենք քաջածանոթ ենք խաշնարած այս ցեղի վայրագություններին՝ տեսնես ի՞նչ վիճակում են դրանք, արդյոք «բերանն արնոտ» մարդասպանը՝ իր բնույթին հավատարիմ, գլխովին չի հոշոտե՞լ հայ մարդու հազարամյա քարեղեն վկայարանները: Չգիտենք… Մինչդեռ դրանք, ինչպես արեւելագետ, գրքի ստեղծմանն իր շահեկան նպաստը բերած Մհեր Քումունցն է նշում՝ «իրենց մեջ ամփոփում են հայ ժողովրդի պատմության էջերը՝ Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչեւ 19-20-րդ դարերը…»:

Երախտապարտ լինենք հայրենի Քաշաթաղում իր սիրտը թողած մեր գրչեղբորը՝ իր նվիրումի ու իր վաստակի համար: Եվ հուսանք, որ վաղ թե ուշ մեր քայլերը մեզ նորից Հադրութ, մեր շքեղաշուք Շուշի ու դրախտային Քաշաթաղ են տանելու… 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

    

    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am