Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական կյանքի գործընթացները կառավարելի են. ՀՀ նախագահը՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովին

Հայաստանի տնտեսական կյանքի գործընթացները կառավարելի են. ՀՀ 
նախագահը՝ ՀՊՏՀ-ում կազմակերպված միջազգային գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 12-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և Հարավային և Արևելյան Եվրոպայի ու Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցացիայի (ASECU) կողմից կազմակերպված «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Աշխարհաքաղաքական առկա իրավիճակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով կլոր սեղան-քննարկմանը, մասնակցել են նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և կառավարության այլ անդամներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած գիտաժողովի շրջանակում քննարկվել է համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների ազդեցությունը տարբեր երկրների զարգացման առաջնահերթությունների և ռազմավարության վրա, թե ինչպես է այդ ամենն ազդում տնտեսական քաղաքականության նոր գործիքակազմի, նոր մեթոդների և տնտեսության կազմակերպման նոր մոտեցումների գործադրման վրա և ինչպիսի արդյունավետ լուծման ուղիների է հնարավոր գտնել:

Ըստ աղբյուրի՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, ասել է. «Քննարկվող թեման շատ կարևոր է և շատ ուրախ եմ, որ այն պետք է շարունակություն ունենա: Թեման վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհի բոլոր երկրներին, որովհետև այն իրավիճակը, որում հայտնվել ենք, բոլորովին նոր է հատկապես մեզ՝ տնտեսագետներիս և այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են իրենց երկրների տնտեսական քաղաքականության և զարգացման համար: Աշխարհը փոխվում է, մոտեցումները փոխվում են, և մենք չենք կարող ետ մնալ այդ գործընթացներից: Այն մոտեցումները, որ կային տարիներ առաջ, այլևս արդիական չեն: COVID-ը, ըստ էության, արմատականորեն փոխեց մեր պատկերացումները երկրի տնտեսական զարգացման մասին: Այդ ամենի հետևանքով լրիվ նոր սկզբունքներով նոր քաղաքականություն էր վարվում:

Մեր երկրի պարագայում նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ: Այս ամենը փոխեց մեր իրականությունը, և մենք չենք կարող հաշվի չնստել և չհարմարվել այդ ամենի հետ:

Համոզված եմ, որ նման քննարկումները կարող են օգնել գտնել պատասխաններ բոլորիս հետաքրքրող հարցերին, և հատկապես հիմնական հարցին, թե ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկայում, ինչպիսի՞ ռազմավարական խնդիրներ ունենք մենք, որ պետք է լուծենք:

Շատ դեպքերում, երբ փորձում ենք կենտրոնանալ միայն այսօրվա խնդիրների վրա, հարց է առաջանում՝ արդյոք այդ խնդիրներն այսօր լուծելով՝ մենք խնդիրներ չե՞նք առաջացնի վաղվա կամ մյուս օրվա համար:

Այսօր Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացները կառավարելի են և ձեռք բերված արդյունքները, որի մասին մենք հրապարակավ խոսում և բարձրաձայնում ենք՝ ոչ միայն նրա համար են, որ մեզ ոգևորեն, այլևս մեզ պետք է անհանգստացնեն և մտածելու տեղիք տան: Մենք, հաշվի առնելով այս իրավիճակը, պետք է մտածենք, թե վաղն ինչպես ենք կարողանալու ապահովել այն խնդիրների լուծումները, որոնց մասին գրված է կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Ցանկանում եմ ասել՝ թվերը՝ թվեր, որոնք իհարկե լավն են, որոնց մասին մենք կարող ենք շատ խոսել, սակայն պետք է խորանալ այդ թվերի մեջ՝ հասկանալու համար միտումները և փորձել հասկանալ, թե այդ միտումների տրամաբանությունն այդպես կշարունակվի, թե ոչ: Մի կարևոր հանգամանք ևս կա: Իրականում, գաղտնիք չէ, որ համաշխարհային խաղի կանոնների մշակման գործում մեր երկրի մասնակցությունը շատ քիչ է կամ անհամեմատ փոքր է: Սակայն այդ միտումների մեջ հիմա զգացվում է այն, որ երկրները ձգտում են ավելի ինքնուրույն դառնալ: Այս ամենի գնահատականը ևս պետք է փորձել տալ: Դա հնարավոր է՝ պայմանավորված է նրանով, որ COVID-ի ժամանակ, ըստ էության, բոլորս մեկուսացվեցինք, և ամեն մեկս սկսեցինք մեր խնդիրները լուծել: Իհարկե, առողջապահական առումով գլոբալիզացիան օգնեց, և ի վերջո երկրագնդի բնակչությունը COVID-ի խնդիրները լուծելու համար միասնական գործողություններով դուրս եկավ, բայց հետագա տնտեսական բարդ իրավիճակը հաղթահարելու ճանապարհն ամեն երկիր յուրովի ընտրեց: Մենք սրան ևս պետք է պատրաստ լինենք: Մեզ բոլորիս մաղթում եմ արդյունավետ քննարկում և հաջողություններ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am