Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երաժշտարվեստի երախտավորը՝ Շուշիից

Երաժշտարվեստի երախտավորը՝ Շուշիից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր գերության մեջ հայտնված հայոց հնօրյա բերդաքաղաք Շուշին, որը ժամանակին «Անդրկովկասի կոնսերվատորիա» պատվանվանն է արժանացել, ապրել  է մշակութային կյանքով, մեր ժողովրդին պարգեւել մեծանուն զավակներ՝ գրողներ, համբավավոր զինվորականներ, պատմաբաններ, երաժիշտներ: Վերջինների շարքում է անվանի կոմպոզիտոր, հասարակական գործիչ, խմբավար, երգիչ եւ մանկավարժ, արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Ղազարյանը: Նրա երգերից շատերն այսօր էլ են հմայում երգարվեստի սիրահարներին:

Երաժշտական ընտանիքում է ծնվել ապագա արվեստագետը. հայր Ավագը երգ-երաժշտության ուսուցիչ էր Շուշվա թեմական դպրոցում, մայր Մանուշակը լավ ձայն ուներ եւ հարմոն էր նվագում: Օրհնյալ այս հարկի տակ մշտապես հնչում էին երգն ու մեղեդին. բազմանդամ ընտանիքում երգում, նվագում էին բոլորը, բայց երաժշտական ընդունակություններով առանձնանում էր փոքրիկ Դանիելը՝ յոթ տարեկանում արդեն նվագում էր սրինգ, ապա նաեւ՝ ջութակ եւ թառ: Հայրը, նկատի առնելով փոքրիկի հրաշալի ձայնը, որոշում է, որ որդին պիտի քահանա դառնա: Եվ ուսման է տալիս ծննդավայրի թեմական դպրոցում, որտեղ կրոնի հետ մեկտեղ ուսուցանվում էին նաեւ հոգեւոր երգեր եւ շարականներ: Գուցեեւ իրականանար հայրական ցանկությունը, եթե Շուշվա Մարիամյան եւ թեմական դպրոցներում աշխատելու չհրավիրվեր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտ Ստեփան Դեմուրյանը, ում մասին հետագայում երախտագիտությամբ էր խոսելու կոմպոզիտորը. «Եթե թեմական դպրոցը տվեց բազմաթիվ գրագետ երաժշտասերներ, որոնք շնորհակալ գործունեություն ծավալեցին Արցախում եւ այլուր, ապա դրա համար նախեւառաջ պարտական ենք մեր սիրելի ուսուցչին…»:

Ստեփան Դեմուրյանի հետ հանդիպումը բախտորոշ է դառնում Դանիելի համար. վճռվում է երաժիշտ դառնալու նրա ճակատագիրը: Դպրոցական տարիներին ակտիվորեն մասնակցում է ուսուցչի կազմակերպած քառաձայն երգեցիկ խմբին, որը տոնական օրերին երգում էր ճարտարապետական կոթողի՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, մասնակցում կիրակնօրյա պատարագներին, կատարում մեներգեր, ելույթներ ունենում դպրոցական հանդեսներում: Բայց երկար չէր տեւելու Դանիելի ուսումնառությունը. բազմանդամ ընտանիքի հոգսերը թեթեւացնելու նպատակով, ստիպված թողնում է դպրոցը եւ սկսում զբաղվել կոշկակարությամբ: Շուրջ վեց տարվա արհեստավորության ընթացքում շնորհաշատ պատանին շարունակում է համագործակցել Ստեփան Դեմուրյանի հետ, երգում նրա ղեկավարած խմբում: 1907-ին՝ իր ուսուցչի եւ Գրիգոր Սյունիի խորհրդով թողնում է Շուշին եւ երաժշտական կրթություն ստանալու նպատակով մեկնում Բաքու, ընդունվում երաժշտական ուսումնարանի վոկալ բաժին, զուգահեռաբար հաճախում Բաքվի բանվորական գիշերային ինստիտուտի ռուսական եւ օտար լեզուների ֆակուլտետներ: Այստեղ էլ կազմակերպում է իր առաջին երգեցիկ խումբը, ելույթներ ունենում Բաքվում, Բալախանում եւ այլուր: 1908-ի աշնանը մեկնում է Թիֆլիս, երաժշտական բարձրագույն մասնագիտական կրթություն ստանում՝ ուսանելով կոնսերվատորիայի վոկալ բաժնում, ակտիվ համագործակցում Ռոմանոս Մելիքյանի եւ Ազատ Մանուկյանի հետ՝ «Երաժշտական լիգայի» կայացման գործում: Միաժամանակ երգեցիկ խմբեր է ստեղծում Նուխիում, Շուշիում, իսկ Գանձակում եւ Ալեքսանդրապոլում կազմավորում է ժողգործիքների նվագախումբ:

1911-ին Դանիել Ղազարյանը հրավիրվում է Կաղզվան, որտեղ երգ-երաժշտության դպրոցում ստեղծում է քառաձայն երգչախումբ, ծավալում համերգային գործունեություն, որը շարունակում է Նոր Բայազետում, Վլադիկավկազում հիմնում է առաջին լարային նվագախումբը: 1922-ին նա արդեն Բաթումում է՝ Աջարիայում երաժշտական ստուդիա հիմնելու նախաձեռնությամբ, որը հետագայում վերածվելու էր ժողովրդական կոնսերվատորիայի: Երկու տարի անց մեծ դժվարություններ հաղթահարելու գնով նմանատիպ ստուդիա է բացում Լենինականում: Հենց այստեղ էլ դպրոցի սաների մասնակցությամբ բեմադրվում են կոմպոզիտորի մանկական օպերաները՝ «Հաղթված բազեն», «Գայլը», «Գիքորը»: Այդ տարիներին նա ստանձնում է նաեւ դպրոցների եւ մանկավարժական ուսումնարանի երգ-երաժշտության դասերի կազմակերպումը: Ամառային արձակուրդների ժամանակ ակտիվորեն գործում է Կովկասի հայաշատ վայրերում: Համերգներ կազմակերպելու նպատակով մեկնում է Արմավիր, Նոր Նախիջեւան, Ռոստով, Խարկով, Նովոռոսիյսկ: Քառաձայն երգչախմբերից բացի, կազմակերպում է մանկական երգչախմբեր, օպերային ներկայացումներ, համերգներ: Ոգեւորված Հյուսիսային Կովկասում ունեցած հաջողություններից՝ կոմպոզիտորը համարձակ քայլ է կատարում՝ իր ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով մեկնում է Մոսկվա, ապա՝ Լենինգրադ: Համերգները ցնծությամբ են ընդունվում: Հատկապես խանդավառությամբ են ընդունվում նրա «Ուռենին», «Լանջեր մարջան», «Քույր իմ նազելի», «Անուշ գարուն» եւ այլ երգեր, որոնք բնորոշում են նրա ստեղծագործական դիմապատկերը:

Վերադառնալով Լենինական՝ Դանիել Ղազարյանը ստանձնում է երաժշտական դպրոցի ուսումնական մասի վարիչի պաշտոնը՝ մինչեւ 1933 թ., այնուհետեւ տեղափոխվում է Երեւան, աշխատում մայրաքաղաքի տարբեր դպրոցներում, ռուսական մանկավարժական ուսումնարանում, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Նրա ջանքերով Պատանի հանդիսատեսի թատրոնում իր գործունեությունն է վերսկսում Երեւանի մանկական օպերան, որտեղ ներկայացվում են «Հաղթված բազեն», «Գայլը», «Շունն ու կատուն», «Ուլիկները», «Տիկնիկ-զիզիկը», «Չարի վերջը», մանկական այլ օպերաներ:

Կոմպոզիտորի շնորհակալ աշխատանքներից մեկն էլ կույրերի քառաձայն երգեցիկ խմբի եւ նվագախմբի կազմակերպումն էր: Երգչախմբային ինքնագործ արվեստի զարգացման գործում նրա նվիրական աշխատանքի արդյունք էր Երեւանի Ուսուցիչների տան քառաձայն կապելլայի ստեղծումը, որը 1945-ին մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում՝ Ինքնագործ երգչախմբերի համամիութենական օլիմպիադայում:

Դանիել Ղազարյանի վաստակը բարձր են գնահատել անվանի կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը, երաժշտական աշխարհի այլ նվիրյալներ: Իսկ շուշեցի երաժիշտը սերունդներին է ժառանգել ոչ միայն մանկական, դպրոցական երգեր, օպերաներ, երաժշտական պատկերներ, այլեւ ռոմանսների եւ երգերի շարք, որոնք հագեցած են ժողովրդական, գուսանական երգերին բնորոշ տարրերով: Մեծարժեք են նրա ժողովրդական, գուսանական երգերի մշակումները, խմբերգերը: Անդադրում երաժիշտն իր գործունեության ընթացքում ստեղծել է շուրջ 250 երգեցիկ խումբ, 40 քաղաքներում տվել ավելի քան 1000 համերգ: Իսկ նրա «Քույր իմ նազելի»-ն յուրաքանչյուր հայի հոգու խորանում է…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am