Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը

Մեկնարկում է գրականության ամենամեծ պետական ծրագիրը. մայիսի 25-27-ը 
կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Այն տեղի կունենա մայիսի 25-27-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, փառատոնին կմասնակցեն շուրջ 40 հրատարակչություն, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ, 50-ից ավելի գրողներ, քննադատներ, թարգմանիչներ, ոլորտի այլ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Բացմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնը տևում է երեք օր: Դրա բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կլինի նաև գրական մրցանակաբաշխություն «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում, տեղի կունենա մայիսի 27-ին՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում: Փակմանը ներկա կլինեն և ելույթով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ստորև ներկայացվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի միջոցառումների ծրագիրը.

 

Մայիսի 25

12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես | Գրանիշ

13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես | Թումանյանի թանգարան

14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես | Ակտուալ արվեստ

15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես | Հովհաննիսյան ինստիտուտ

16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես | Զանգակ

17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես | Բուկինիստ

18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ

19:00 Համերգ. «Լավ Էլի»

 

Մայիսի 26

12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես | Նյումեգ

13:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը

14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս

15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես | Զանգակ

16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես | Անտարես

17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես | Նյումեգ

18:00 Կլաուդիո Պոցցանի և Նարեկ Կոսմոս․ գրական-երաժշտական բաթլ

19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)

 

Մայիսի 27

12:00 «Միսս Փերերգրինի յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես | Արևիկ

13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն․ Դմիտրի Գարիչև, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա | «Մեծ գիրք» մրցանակ

14:00 Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես | Գրանիշ

15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա

16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան

17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը և վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես | Վերնատուն

18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ

19:00 Գրքի երևանյան փառատոնի փակման արարողություն և մրցանակաբաշխություն (Մեծ դահլիճում)

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am