Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է 
Գրքի երևանյան միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի երկրորդ օրը՝ մայիսի 26-ին, կայացել են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Նյումեգ»-ի հրատարակած «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդեսը, Սուրեն Դանիելյանի դասախոսությունը՝ Պոլսահայ նորագույն գրականության մասին, Շենոն Սալիվանի և Յորղոս Կուտուվելասի «Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե»-ն (Վերսոպոլիս), Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդեսը («Զանգակ»), Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդեսը (Անտարես), Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդեսը («Նյումեգ»), Կլաուդիո Պոցցանիի և Նարեկ Կոսմոսի գրական-երաժշտական բաթլը, հանդիպում Արմեն Զախարյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է եղել:

«Փառատոնային հարթակում վերջին տարիների իրենց գրական արտադրանքն ու  նոր հրատարակություններն են ներկայացնում շուրջ 40 հրատարակչություններ, գրավաճառներ և մշակութային կազմակերպություններ: «Սարգիս Խաչենց/Փրինթ ինֆո» հրատարակչության ծրագրերի ներկայացուցիչ Գարեգին Ալեքսանյանը ներկայացնում էր հրատարակչության ողջ գրական արտադրանքը: Նոր հրատարակություններից  Գարեգին Ալեքսանյանն առանձնացրել  է «Ժամանակ ու խոսք» մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, թատերագիր, մտածող Պոլ Կլոդելի «Աչքը լսում է» էսսեների նշանավոր ժողովածուն և նույն մատենաշարի ֆրանսիացի բանաստեղծ, էսսեիստ, արվեստի տեսաբան և քննադատ Պոլ Վալերիի «Էվպալինոս կամ ճարտարապետ» աշխատությունը: Հրատարակչության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ գրքերը ֆրանսերենից թարգանվել են հայերեն և ուղղված են արվեստաբաններին, մշակութաբաններին, ճարտարապետներին և արվեստասեր լայն հանրությանը:

«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի ներկայացմամբ՝ հայաստանյան գրահրատարակչական շուկայում «Անտարեսը» ամենաշատն է հրատարակում ժամանակակից գրողների գործերը: Մասնավորապես՝ վերջին 10 տարում տպագրվել է ժամանակակից հայ գրողների շուրջ 150 գիրք:  Գրքի երևանյան փառատոնի տաղավարում ներկայացված է «21-րդ դար» մատենաշարը, որում ընդգրկված են Գուրգեն Խանջյանի, Հովիկ Աֆյանի, Հովհաննես Երանյանի, Գիգի, Համլետ Առաքելյանի, Գևորգ Սահակյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Հրաչ Բեգլարյանի և ժամանակակից այլ հայ գրողների գործեր։ Արքմենիկ Նիկողոսյանի նշմամբ՝ փառատոնը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր ընթերցողներ, հեղինակներին տարվա մեջ հանդիպելու բացառիկ առիթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փառատոնը՝ հրաշալի հնարավորություն շփումների համար

Ըստ աղբյուրի՝ արձակագիր, 5 գրքի հեղինակ Հովիկ Աֆյանի համար Գրքի երևանյան փառատոնը կարևոր մի հարթակ է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնելու գրքերը, այլև հանդիպելու գրող ընկերներին, ընթերցողներին, զրուցելու, մտքեր փոխանակելու, կարծիքներ և քննադատություններ լսելու. «Այս հանդիպումները  գրողի համար մեծապես կարևորվում են: Ժամանակակից գրողը ծանրաբեռնված է այլ գործերով և մարդկանց հետ շփվելու կարիք ունի: Նման միջոցառումները հրաշալի հնարավորություն են շփվելու տարբեր մարդկանց հետ.  վերջապես, սա կարող է լինել  մի վայր, որտեղ կարող ենք խոսել միմյանց գրքերի մասին և քննարկումներ կազմակերպել»:

Գրքի փառատոնին թանգարանները ներկայացնում են իրենց գիտական և հրատարակչական գործունեությունը

Նշվում է, որ փառատոնին մշակութային հաստատություններից ներկայացրած են Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի հրատարակությունները:  

«Ավետիք Իսահակյանի տուն թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմինե Ավետիսյանի տեղեկացմամբ՝ թանգարանը մշտապես զբաղվում է գիտական գործունեությամբ և հատկանշական է, որ հրատարակում է իր գիտաշխատողների գիտական աշխատությունները:

«Գրքի երևանյան միջազգային փառատոնին ներկայացված են թանգարանի գիտական ուսումնասիրությունների հրատարակությունները: Իսահակյանը, կարծես, որպես մանկագիր այնքան էլ հայտնի չէ, և մենք որոշել ենք նրա ուսուցողական, խոհափիլիսոփայական  հեքիաթները, առակները ավելի հասանելի դարձնել, հանրահռչակել և տարածել: Այստեղ ներկայացված են թանգարանի կողմից առանձին գրքերով հրատարակված Վարպետի առակները, հեքիաթները, լեգենդներն ու բալլադները, պոեմները՝ երկլեզու և գունազարդ: Նախորդ տարի տպագրվել է «Աբու Լալա Մահարի» պոեմը երկլեզու, Մարտիրոս Սարյանի նկարազարդումներով: Տաղավարում ներկայացված է Իսահակյանի ողջ գրական ժառանգությունը՝ դպրոցական տարբեր տարիքի երեխաների, ուսանողների, և, ընդհանրապես ընթերցասեր լայն հանրության համար համար»,- նշել է Արմինե Ավետիսյանը և հավելել, որ այս օրերի ընթացքում  վաճառվել են երկլեզու, նոր հրատարակված «Աբու Լալա Մահարի» պոեմը, հեքիաթները, առակները և գրքեր: Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ Գրքի երևանյան փառատոնը տարվա ընթացքում սպասված միջոցառում է, քանի որ այս հարթակը հնարավորություն է ընձեռում ներկայացնել թանգարանի տարբեր տարիների հրատարակչական և գիտական գործունեությունը»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի տեղեկացմամբ՝ փառատոնի շրջանակում ներկայացված են թանգարանի կողմից իրականացված տարբեր տարիների հրատարակություններ, որոնք ներկայացնում են թանգարանի ցուցանմուշները և դրանց հիման վրա արված հետազոտությունները՝ գրքի, պատկերագրքի, ալբոմի տեսքով. «Թեմաները բազմազան են՝ հայկական գորգերից մինչև դրամներ, բրոնզեդարյան նմուշներից մինչև հնագիտական նմուշներ: Աշխատությունները հիմնականում եռալեզու  են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Գրքի երևանյան փառատոնը ևս մի հարթակ է, որտեղ հնարավորություն ունենք ներկայանալու, փառատոնի այցելուների ուշադրությունը հրավիրելու դեպի թանգարանը: Եվ եթե անգամ փառատոնի այցելուներն այս պահին ձեռք չբերերն թանգարանի գրքերն ու ալբոմները, այս նյութերի միջոցով ծանոթանալով թանգարանի նմուշներին՝ վստահաբար կայցելեն  պատմության թանգարան: Սա շատ կարևոր ուղի է, կապող հարթակ՝ այցելուներին թանգարան գրավելու հրաշալի հնարավորություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am