Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Գյումրում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

Գյումրում մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Կամերային երաժշտության դահլիճում մայիսի 28-ին մեկնարկեց «Հայաստան» երգչախմբային հանրապետական մրցույթ-փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, արդեն  երկրորդ անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցում են հանրապետության 8 մարզերի 14 համայնքներից և մայրաքաղաք Երևանից Գյումրի ժամանած երգչախմբերի շուրջ 700 անդամներ: «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ:

Փառատոնի ժյուրիի կազմում են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական Մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության սիմֆոնիկ և կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր, տեսաբան, դաշնակահար Աշոտ Ղազարյանը, Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի ղեկավար, «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոն»-ի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, խմբավար, Ա.Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի խմբավար Մարինե Ալավերդյանը  և ԵՊՀ երգչախմբի ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, խմբավար Ռուբեն Կարասեֆերյանը:

Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ  փառատոնն անցկացվում է երեք՝ A, B, C դասակարգումով։ Մրցանակային տեղերը, հապատասխանաբար, I, II, III կարգի դիպլոմներով տրվում են յուրաքանչյուր երեք անվանակարգի համար։ Կարգ A դասակարգմամբ փառատոնին մասնակցում են առանձին պրոֆեսիոնալ երգչախմբերը, երաժշտական բուհերի և քոլեջների, ինչպես նաև երաժշտական և արվեստի դպրոցների երգչախմբերը։ Կարգ B դասակարգմամբ փառատոնին մասնակցում են միայն արվեստի և երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Կարգ C դասակարգումով փառատոնին մասնակցում են հանրակրթական դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների, մշակութային և հասարակական կազմակերպությունների երգչախմբերը։

«Փառատոնի խորհրդանշական երգն այս տարի Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» ստեղծագործությունն է․ փառատոնի ավարտին այն կկատարի Գյումրու արվեստի ու երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը՝ շուրջ 200 մասնակից։ Փառատոնի ենթախորագիրն է՝ «․․․Ապրել մեզ  համար և նրանց…»»,- հավելեց Լիլիթ Թովմասյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am