Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Լույս է տեսել լիբանանահայ գրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Աղաջանյանին նվիրված  «Երանացման ճանապարհին» գիրքը

Լույս է տեսել լիբանանահայ գրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Աղաջանյանին նվիրված  «Երանացման ճանապարհին» գիրքը

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում լույս  է տեսել լիբանանահայ  ճանաչված գրող և լրագրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Պետրոս Աղաջանյանին նվիրված  «Երանացման ճանապարհին» գիրքը։ Գիրքը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կյանքից։ Դրանք, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սարգիս Նաջարյանը, վկայություններ են կարդինալի անցած ճանապարհին, եկեղեցական, ազգանավեր գործունեությանն ու  այն մեծ ժառանգությանը, որ թողել է կարդինալը։

«Գրքույկը լույս է տեսել Ամենապատիվ և գերերջանիկ Կաթողիկոս պատրիարք Ռաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասեանի քաջալերանքով և Հայ Կաթողիկե Պատրիարքության աջակցությամբ։ Գիրքը թող համեստ վկայություն լինի Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատին»,- նշեց Սարգիս Նաջարյանը՝ տեղեկացնելով, որ Վատիկանում ընթացքի մեջ են Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասելու ուսումնասիրությունները։  

Աղաջանյանը ղեկավարել է Կիլիկիայի Հայ կաթողիկե պատրիարքությունը՝ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետն է եղել, ավելի ուշ Հռոմի պապ Պիոս XII-ը (1946թ.) նրան կարդինալի աստիճան է շնորհել։

Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը (ծննդյան անունը Ղազարոս) ծնվել է Ախալցխայում 1895թ.-ին:  Ուսում է ստացել Հռոմում։ 1917 թվականին ձեռնադրվել է քահանա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ուղարկվել է Թիֆլիս, որտեղ նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ։ 1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ, որտեղ ծառայում է հայկական հոգևոր ուսումնարանում։ 1934-ին Աղաջանյանին ուղարկում են Լիբանան, իսկ 1937-ին՝ 42 տարեկան հասակում, նա ընտրվում է Կիլիկիայի հայ կաթոլիկների Պատրիարք` Գրիգոր Պետրոս XV անունով։ Այս տարիներին Աղաջանյանը հնարավորինս օգնել է հազարավոր հայ փախստականների։ Բացի այդ, նրա ուժերով Բեյրութում կանգնեցվել է հայ ժողովրդի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը։

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ և հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի և նահատակների արյունը»։

1962 թվականին Աղաջանյանն առողջական խնդիրների պատճառով թողել է պատրիարքարանի ղեկավարությունը։ Մահացել է Հռոմում, 1971 թվականի մայիսի 10-ին։ Բացի հայ կաթողիկե համայնքի բարօրության համար աշխատելուց, Աղաջանյանը հարգանք է վայելել նաև որպես առհասարակ կաթոլիկ գործիչ։ Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովում` 1962-65 թվականներին, նա եղել է Հրահանգների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ժողովուրդների ավետարանչական միաբանության պրեֆեկտ։

Վատիկանն ուզում է կարդինալ Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասել։ Վատիկանի հոգևորականներն Աղաջանյանի կենսագրության քննարկումը սկսել են 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։

Գրող, լրագրող Սարգիս Նաջարյանը երկար տասնամյակներ «Արարատ» և հայ կաթողիկե պատրիարքարանի «Մասիս» պարբերաթերի խմբագիրն է։ Ղեկավարել է Հայ Կրթական Բարեսիրական միությունը, գործուն մասնակցություն է ունեցել ու շարունակում է ունենալ հայ կաթողիկե պատրիարքության զանազան մարմիններում։ Անբասիր գործունեության համար Սարգիս Նաջարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Հռոմի պապի ու հայ կաթողիկե պատրիարքներից։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am