Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը երաժշտասերների դատին հանձնեց «Արիաներ սիրո և թախիծի» ձայնասկավառակը

Օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը երաժշտասերների դատին հանձնեց «Արիաներ 
սիրո և թախիծի» ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանը թողարկել է «Արիաներ սիրո և թախիծի» (Arias of Love & Sorrow) ձայնասկավառակը:

GEV_0120.JPG (1.43 MB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սկավառակում ընդգրկված են արևմտաեվրոպական օպերաներից Յագոյի՝ «Օթելլո», Նաբուկոյի՝ Ժերարի «Անդրեա Շենիե», Միկելեի «Թիկնոց», Ռենատոյի «Պարահանդես-դիմակահանդես» արիաները, ռուսական օպերաներից՝ Ալեկոյի, կոմս Տոմսկու՝ «Պիկովայա դամա», արքայազն Իգորի, Գրիազնոյի «Ցարի հարսնացուն»,  ինչպես նաև հայկական օպերաներից Արշակի Բ-ի,  Դավիթ Բեկի և Մոսիի՝ «Անուշ», արիաները:

«Այն արիաները, որոնք տեղ են գտել սկավառակում, շատ եմ սիրում և հաճախ եմ կատարում աշխարհի տարբեր բեմերում»,- սպասված սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հուլիսի 27-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ասաց Գևորգ Հակոբյանը:

GEV_0136.JPG (1.21 MB)

Նա տեղեկացրեց, որ ձայնասկավառակը լույս է տեսել այս տարվա սկզբին: «Այն թողարկվել է իմ լավ ընկերոջ և բարեկամի, Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր մաեստրո Կոնստանտին Օրբելյանի բարձր հովանու ներքո, ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում նրան»,- ասաց երգիչը:

Հակոբյանը հավելեց՝ ձայնասկավառակում իրեն նվագակցում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժորներն են Մետրոպոլիտեն օպերայի երբեմնի երաժշտական տնօրեն, օպերային ասպարեզում նշանավոր գործիչ Ջոն Ֆիշերը և Կոնստանտին Օրբելյանը:

«Ես հատկապես ուրախ եմ ու հպարտ, որ արտիստիս այն առաքելությունն ու պարտավորությունը, որն է բարձր պահել մեր հայրենիքի անունն ու նպաստել Հայաստանի ճանաչմանը, հաջողվեց իրականացնել նաև այս սկավառակի միջոցով»,- նշեց Գևորգ Հակոբյանը:

GEV_0188.JPG (1.11 MB)

Նա ներկաներին տոն նվիրեց ոչ միայն սկավառակի թողարկմամբ, այլև կենդանի կատարումներով, որոնք արժանացան բուռն ծափահարությունների:

«Արիաներ սիրո և թախիծի» սկավառակն արժանացել է ամերիկյան հեղինակավոր Opera News Magazine-ի բարձր գնահատականին: Ամսագրում նշվում է. «Հակոբյանը ցուցադրում է ձայնի թավ, մուգ տեմբր, լավ կենտրոնացում… Նա յուրահատուկ ունակություն ունի զգացմունքներով պարուրել երաժշտական ֆրազները, ինչպես նաև շատ ողջունելի է դրանց դինամիկ երանգավորումը: Բարձր գնահատանքի արժանի մեկնաբանություն է» (Դեյվիդ Շենգոլդ, Opera News Magazine, հուլիս, 2023):

Եվրոպական Pizzicato ամսագիրն այն գնահատել է հինգ աստղ: «Այս ձայնասկավառակի բոլոր արիաները հարյուր տոկոսով համապատասխանում են Հակոբյանի դրամատիկ ձայնին՝ գերազանց հավասարակշռված և երանգավորված հարուստ արտահայտչականությամբ: Հրաշալի երգչի հրաշալի ձայնասկավառակ» (Remy Franck, Pizzicato Magazine, 27.01.2023):

GEV_0166.JPG (912 KB)

Այս բնագավառում առաջատար բրիտանական Gramaphone Magazine-ը նշում է, որ Հակոբյանն օժտված է վեհաշուք, հզոր, դրամատիկ բարիտոնով, ազդեցիկ և հավասար հնչողությամբ և այդ ձայնին համապատասխան փառահեղ ու հզոր կատարման ոճով: (Հուգո Շիրլի, GRAMAPHONE MAGAZINE, հուլիս 2023):

Ամսագրում ասվում է, որ Հակոբյանն ուղղակի զինաթափում է ունկնդրին այն վեհ հպարտության զգացումով, որով կատարում է հատկապես հայկական արիաները:

«Արիաներ սիրո և թախիծի» ձայնասկավառակը Հակոբյանի երկրորդ սկավառակն է: Առաջին ձայնասկավառակում, որը թողարկվել է 2015 թվականի մայիսի 26-ին, ներկայացված են հայ դասականների ռոմանսները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am