Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 
ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը հոկտեմբերի 18-22-ը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսում  ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում  հրատարակված, հիմնականում օտարալեզու հայ գրականություն:

k1.jpg (287 KB)

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին  ներկայացվեց «Հայ գրականությունը թարգմանություններում»  դրամաշնորհային  ծրագիրը,  որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն (մանրամասները՝«armlit.am» կայքում): 

Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային գրադարանի հետ գործակցությամբ:

k2.jpg (191 KB)

Հայկական պատվիրակության կազմում էին «Հայաստանի ազգային գրադարանի», «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայացուցիչները:

Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված էր Հայ կինոյի 100-ամյակին՝ ունենալով թեմատիկ ձևավորում:

Ազգային տաղավարով ներկայանալուց զատ՝ հայկական պատվիրակության ծրագրերը տարածվել են նաև քննարկումների և միջոցառումների անցկացման համար նախատեսված տարբեր տաղավարներում։

Հոկտեմբերի 20-ին միջոցառումների համար նախատեսված հատուկ սրահում տեղի է ունեցել «Գրականություն և ինքնություն» խորագրով  քննարկում, որը նախաձեռնել էր “Konrad Adenauer’’ հիմնադրամը՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարույթան աջակցությամբ։

Բանախոսներն են եղել գրողներ  Արմեն Հայաստանցին, Անահիտ Ղազարյանը, թարգմանիչ Սուսաննա Եղոյանը, գերմանացի գրող,  լրագրող Լաուրա Ցվերտնիան:

Հոկտեմբերի 21-ին միջոցառումների համար նախատեսված մեկ այլ տաղավարում տեղի է ունեցել Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» գերմաներն թարգմանության շնորհանդեսը։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հայկական լեռներում 1915-1960 թվական ներին։ Ծերունին և նոր ծնված տղան փախչում են 1894 թվականին Թուրքիայում Համիդյան ջարդերից և թաքնվում քանդված ու լքված գյուղի ավերակներում: Գյուղը շուտով ապաստան է դառնում շատերի համար, ովքեր փախչում են օրենքի, իրենց ընտանիքի կամ անցյալի խնդիրներից: Գյուղացիները ողջ աշխարհից կտրված այս ապաստանում թաքնված գոյատևում են՝ վաճառելով կամ փոխանակելով իրենց գյուղմթերքը այլ գյուղերում: Անցնում են տարիներ, և ծերունու փրկած երեխան դառնում է ընթերցողին քաջ հայտնի երիտասարդը՝ Հարութը։ Նա սիրահարվում է մի գեղեցիկ աղջկա, ով գյուղ է ժամանել թուրք զինվորների կողմից խոշտանգումների ենթարկվելուց հետո։ Նա հղի է, և գյուղի ծեր կանայք ցանկանում են ծնվելուն պես սպանել երկվորյակ աղջիկներին՝ ամոթի հետքերը մաքրելու համար․․․

Հոկտեմբերի 21-ին տեղի է  ունեցել  նաև Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքի շնորհանդեսը /գերմաներեն լեզվով գիրքը լույս է տեսել «Կարմիրը պատերազմ է» վերնագրով/:  Գիրքը պատերազմական իրավիճակներում մարդկային կյանքի, վարք ու բարքի, անգամ գույների ընկալման մետամորֆոզների մասին է․ պատերազմները փոխում են ամեն ինչ, նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից: Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երեբեք չեն ավարտվում։

Միջոցառումներին ներկա են եղել ոչ միայն հայ, այլև հիմնականում օտարազգի ընթերցողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ։

«Տեղի ունեցած մտքերի փոխանակումները, քննարկումները թույլ են տալիս ենթադրել, որ հայկական իրականությունը՝ գեղարվեստական   պատումների միջոցով հասանելի ու ընկալելի է Հայաստանի սահմաններից դուրս»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը 20 տարուց ավել է, ինչ մասնակցում է Ֆրանկֆուրտի ցուցահանդեսին։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համարվում է համաշխարհային գրականության ինտեգրացիոն կենտրոն, որտեղ գրքերը, հեղինակներն ու ընթերցողները կենդանի շփման հնարավորություն ունեն։ Պատահական չէ, որ գրքի տոնավաճառի բացման արարողությունից սկսած՝ մինչև համաժողովներն ու ներկայացումները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու ինտելեկտուալները ուղերձներ են հղում աշխարհաքաղաքական ճգնաժամի լուծումների և խաղաղության մասին։

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսը համախմբում է ամբողջ աշխարհի գրական համայնքներին, ընթերցողներին, պետական կառույցներին, հրատարակչություններին, գրական գործակալություններին, թարգմանիչներին, մասնավոր այլ ընկերությունների, մեդիա մասնագետների՝ առաջարկելով համագործակցության և հաղորդակցության ֆունկցիոնալ կարևորագույն պլատֆորմ։

k3.jpg (207 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am