ՌԴ նախագահի Թուրքիա կատարելիք այցի օրակարգում երկկողմ հարաբերություններ են ու Ուկրաինաի հարցը. Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ նաև Ուկրաինաի հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգի տեսանկյունից շատ հագեցած է:
«Օրակարգում առաջին հերթին ռուս-թուրքական երկկողմ հարաբերություններն են և մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,-նշել Է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոսքով՝ Թուրքիան պահպանում է վստահությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում ՝ չնայած Արևմուտքի ճնշմանը:
«Թուրքիան այն սակավաթիվ երկրներից է, որն այս առումով բավական սկզբունքային և ինքնուրույն դիրքորոշում է որդեգրել և շարունակում է մեզ հետ առևտրատնտեսական համագործակցություն կառուցել», - ընդգծել է Պեսկովը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ առաջիկայում կհայտարարի ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի ժամկետը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում