Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են 
տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը, որը հիմնված է ընդհանուր արժեքների և շահերի վրա։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը արտացոլում է Հայաստանի հանձնառությունը խթանել Լյուքսեմբուրգի հետ գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերի և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ առկա մեխանիզմներն առավելագույն օգտագործելու հնարավորություններին։ Ի թիվս այլ հարցերի, ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

«Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել վերջին օրերի զարգացումները՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման դեպքին, որի արդյունքում հայկական կողմն ունեցել էր չորս զոհ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է կայուն Հարավային Կովկաս ունենալու ուղղությամբ ՀՀ ջանքերը, իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը և միջազգային գործընկերների ներգրավվածությամբ դրանք զսպելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանին տեղայակված ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծին, նախարար Միրզոյանն ընդգծել է  հիմնական՝  տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքները, որոնց հարցում երկկողմ հստակ ու աներկբա հանձնառությունը հրամայական է գործընթացում առաջընթաց ապահովելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am