Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ճանապարհորդիր ինչպես տվյալ երկրի տեղացի. հայկական LikeLocal-ը զբոսաշրջության նոր մշակույթ է բերում

Ճանապարհորդիր ինչպես տվյալ երկրի տեղացի. հայկական LikeLocal-ը 
զբոսաշրջության նոր մշակույթ է բերում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ հայկական LikeLocal.io հարթակի միջոցով հնարավոր է ճանապարհորդել Վիետնամ, Կամբոջա, Թայլանդ, Արգենտինա և մի շարք այլ երկրներ, հյուրընկալվել տեղացիների ցանկացած միջոցառման՝ այսպիսով ավելի լիարժեք ծանոթանալ տեղի մշակույթին, նրանց բարքերին՝ «ինչպես տեղացի»:

«Արմենպրես»-ի հետ զրույցում LikeLocal ստարտափի համահիմնադիր Գևորգ Բաբայանը նշեց՝ նույն կերպ օտարերկրացիները հարթակի միջոցով կարող են այցելել Հայաստանի ավելի քան 40 հյուրընկալ ընտանիք:  

GEV_8128.jpg (913 KB)

«Ավելի քան 20 տարի աշխատում եմ տուրիզմի ոլորտում, տեսել եմ շատ երկրների զբոսաշրջային փորձառությունները: Կուտակածս փորձի կուլմինացիան LikeLocal.io հարթակն է, որն իրականության հասանելիություն է ստեղծում: Հաճախ զբոսաշրջիկները տարբեր երկրներ գնալիս այցելում են միայն զբոսաշրջային հիմնական կետերը, այսպիսով չընկալելով տվյալ երկրի լիարժեք պատկերը: Մեր հարթակը հենց այս խնդիրն է լուծում: LikeLocal-ի միջոցով հնարավոր է այցելել տեղացիների տներ՝ ճաշի, ընթրիքի, ծննդյան կամ մկրտության, հարսանեկան որևէ առիթի, թաղումների ու զգալ ինչպես տեղացի, հասկանալ տեղացիների առօրյան, բարքերը»,-ներկայացրեց Բաբայանը:  

Նրա խոսքով՝ խնդիրն իրականության հասանելիության բացի մեջ է, ու այն բավական հին է զբոսաշրջության ոլորտում: Խնդիրն ավելի ակնառու է դարձել թվային դարաշրջանում, երբ մարդիկ իրական շփման բաց են զգում: Սրանից էլ զատ վերջին 10-15 տարիներին ճանապարհորդություններն ավելի ակտիվ են, սովորական կենսակերպի մաս են դարձել, և մարդիկ զբոսաշրջային հիմնական կետերից բացի տվյալ երկրում այլ հետաքրքրություններ են փնտրում:

GEV_8091.jpg (628 KB)

«Հաճախականությունը բերում է ձանձրույթի, մարդիկ հոգնում են հիմնական զբոսաշրջային տեղեր այցելելուց, կազմակերպված, արհեստական երևույթներից: Մարդիկ հասկանում են տվյալ երկրի պատմությունը՝ բաց թողնելով տվյալ երկրում ապրող մարդկանց»,-ասաց հարթակի հեղինակը: 

Վեբ կայքից, որն ադապտացված է նաև բջջայինների համար, կարող են օգտվել և՛ հյուրընկալները, և՛ զբոսաշրջիկները: Հարթակը զբոսաշրջիկներին հնարավորություն է տալիս ընտրել այն երկիրը, որտեղ ցանկանում են այցելել, տվյալ երկրից էլ ընտրել այն հյուրընկալին, որը հոգեհարազատ է իրենց: Հյուրընկալն էլ իր հերթին, գրանցվելով հարթակում, պետք է իր մասին տեղեկություն ներկայացնի, որից հետո ազատ է տեղադրել ցանկացած միջոցառում, որին կարող են մասնակցել ցանկացողները: 

11111111.png (2.87 MB)

«Աշխատում ենք Հայաստանում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Արգենտինայում, Նամիբիայում, Ֆիլիպիններում, Նեպալում, Հորդանանում, Վրաստանում ևս ունենք գրանցված հյուրընկալներ: Ուզումն եմ ընդգծել, որ հյուրընկալներն ազատ են չեղարկել միջոցառումը կամ չընդունել այս կամ այն հյուրին: Սովորաբար գումար վճարողը միշտ ճիշտ է, բայց մենք այս խնդիրը ևս ցանկանում ենք շտկել ոլորտում»,-տեղեկացրեց Բաբայանը: 

Ստարտափի հիմնադիրը նշեց՝ Հայաստանն ամենաբարդ շուկաներից մեկն է, բայց անգամ այստեղ հաջողություններ ունեն: Այս պահին 40-ից ավելի հյուրընկալներ ունեն Հայաստանի ողջ տարածքում՝ Սյունիքից մինչև Երևան ու Կոնդ: Բաբայանն ասաց՝ շատ հայեր պատրաստ են նույնիսկ անվճար զբոսաշրջիկներ հյուրընկալել, բայց ոլորտում դրական փոփոխություն բերելու համար վճարման համակարգ պետք է գործի: Նրա խոսքով՝ մեր երկրում թվային գրագիտության հետ կապված խնդիրները ևս տեսանելի են դառնում՝ չնայած այն հանգամանքին, որ հարթակը հարմարեցված է յուրաքանչյուր այցելուին: 

«Տեղացիներից շատերը հաճախ հնարավորություն չունեն շփվել օտարերկրացիների հետ, մտքեր փոխանակել, մեր միջոցով այսուհետ հնարավոր է լրացնել այդ բացը: Տարբեր հետազոտությունների համաձայն՝ այլ երկիր գնալիս, սովորական ճանապարհորդելիս կարծիքը տվյալ երկրի մասին հաճախ չի փոխվում, հակառակը՝ վատանում է, արմատանում են տվյալ երկրի մասին կարծրատիպերը: Իմ համոզմամբ՝ տեղացիների հետ շփումը կգա լուծելու նաև այդ խնդիրը»,-մեկնաբանեց Բաբայանը: 

2222222222.png (1.03 MB)

Հարթակը շուկայում չունի նմանօրինակը: Կան միայն  տեղային նման հարթակներ: Ստարտափի գաղափարը ծագել է 2019-ին, այն շուկա է մտել 2022-ին: Ստարտափը ներդրումներ է ստացել EU4Business-ի և ԲՏԱ նախարարության «Գաղափարից բիզնես» ծրագրի շրջանակում: Այս պահին թիմը բաղկացած է 5 հոգուց: 

«Առաջիկայում այլ երկրներում տարածվելու, իսկ ընդհանուր առմամբ, տուրիզմի ոլորտը արմատական փոխելու պլաններ ունենք»,-ասաց հիմնադիրը: 

Գևորգ Բաբայանը եզրափակեց՝ յուրաքանչյուր ոք պետք է տուրիզմի ոլորտում կարողանա արժեք ստեղծելուն զուգահեռ արժեք ստանալ: 

Կարինե Տերտերյան 

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am