Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր»-ը՝ կապող օղակ գրողի, հրատարակչի և ընթերցողի միջև. հայտնի են նախագծի մրցանակակիրները

«Երևանյան բեսթսելեր»-ը՝ կապող օղակ գրողի, հրատարակչի և ընթերցողի միջև. 
հայտնի են նախագծի մրցանակակիրները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ավելի քան տասը տարի իրականացնում է «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագիծը, որի շնորհիվ ամրապնդվում է գրողների, գրահրատարակիչների, ընթերցողների միջև կապը: Նախագծի շնորհիվ ընթերցասեր հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալու նոր հրատարակություններին, նոր թարգմանություններին, երիտասարդ գրողների ստեղծագործություններին:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանն ընդգծեց, որ նախագիծը գործակալության համար կարևոր նշանակություն ունի և արդեն մի քանի տարի մրցանակաբաշխությամբ արդյունքներն ամփոփվում են Մայրենի լեզվի խորհրդանշական օրը՝ փետրվարի 21-ին: Միջոցառումն այս տարի անցկացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Նախագիծը նպատակ ունի յուրահատուկ կապող օղակ հանդիսանալ գրողների, հրատարակիչների, ընթերցողների, գրախանութների միջև, ընթերցողներին իրազեկել համաշխարհային և հայաստանյան արդի գրական միտումների, ամենապահանջված գրքերի մասին, ամրապնդել գրքի նկատմամբ սերն ու ընթերցելը դարձնել վարակիչ»,-շեշտեց Նազարյանն ու հայտարարեց անվանակարգերը:

«Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում մրցանակը տրվեց թարգմանիչ Մարիա Սադոյանին՝ Խալեդ Հոսեյնիի գրքերի հայերեն թարգմանությունների՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար («Զանգակ» հրատարակչություն):

«Տարվա բեսթսելերների թարգմանիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Աստղիկ Աթաբեկյանը՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» և Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» գրքերի՝ բեսթսելեր ճանաչվելու համար («Newmag» հրատարակչություն):

«Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ ստացավ «Էդիթ պրինտ»-ը՝ Ագաթա Քրիստիի գործերի՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

Հրատարակչության հիմնադիր նախագահ Մկրտիչ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց «Արմենպրես»-ին՝ նման նախագիծ իրականացնելու համար՝ նշելով, որ և՛ ընթերցողներն են ոգևորվում, և՛ գրախանութները: «Մենք չենք հասցնում  տպագրել Ագաթա Քրիստիի գրքերը, քանի որ դրանք շատ պահանջված են: Արդեն 30 հատոր կա, հետո հաջորդ տասը հատորը կլինի, ավելի ուշ՝ հաջորդ հատորները: Մենք նաև այլ հետաքրքիր հեղինակների ենք հրատարակում և ուրախ ենք, որ մեր ընթերցողները գոհ են»,-ասաց նա:

«Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ» անվանակարգում մրցանակը տրվեց «Բուկինիստ» հրատարակչությանը՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում մանկական ամենաբազմատեսակ գրքերով ներկայացված լինելու համար:

«Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը հավաստիացրեց՝ եթե մրցանակ հանձնվեր «Գրքին սատարող հիմնարկ» անվանակարգում, «Արմենպրես»-ն ամեն տարի կարող էր ստանալ այդ մրցանակը: Նա հայտնեց հրատարակչության պատրաստակամությունը՝ շարունակելու երեխաներին կրթող նոր գրքերի լույսընծայումը՝ կարևորելով հանրագիտարանների շարքի տպագրությունը, որը կյանք է ստացել ավելի քան 10 տարվա անդադար աշխատանքի արդյունքում: 

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում  մրցանակ ստացավ «ԴաՎինչի» հրատարակչությունը՝ նոն ֆիքշն (փաստավավերագրական) ժանրում Ջոն Ստրելեքի գրքերի` տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:

«ԴաՎինչի» հրատարակչության տնօրեն Հայկ Աջապահյանը մրցանակն անսպասելի համարեց՝ նշելով, որ որևէ գիրք տպագրության համար դիտարկում են, եթե դուր է գալիս իրեն ու իր թիմին, սակայն նախագիծը և մրցանակը փաստում են, որ դրանք դուր են գալիս նաև գնորդին: «Դա նշանակում է, որ գտել ենք ընթերցողին բավարարելու նշաձողը»,-ընդգծեց նա։

«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Աշոտ Աղաբաբյանը՝ անդադրում աշխատանքի, անսպառ ստեղծագործականության և մի քանի գրքով տարվա բեսթսելեր ճանաչվելու կապակցությամբ:

Նարինե Նազարյանն ընդգծեց, որ հեղինակն ունի մոտ մեկ տասնյակ ստեղծագործություններ, որոնցից դժվարանում է առանձնացնել որևէ մեկը, քանի որ յուրաքանչյուրը յուրօրինակ կերպով ներկայացնում է հայ ժողովրդի հերոս զավակների գործունեությունը:

Աղաբաբյանը շնորհակալություն հայտնեց «Բուկինիստ» հրատարակչությանը՝ մշտապես իր կողքին լինելու և իր գործերն ընթերցողների հնարավորինս լայն լսարանի հասանելի դարձնելու գործում: 

«Տարվա բեսթսելեր» անվանակարգում մրցանակի արժանացավ  Ռուբեն Եսայանը՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում «Թունելից 13 կմ հեռավորության վրա» գրքի՝ 2023 թվականին ամենաշատ վաճառքն արձանագրելու համար:

Եսայանը խոստովանեց, որ իր համար նման մրցանակի արժանանալը շատ կարևոր է, քանի որ որպես գրող առաջին անգամ է մրցանակ ստանում, ինչը շատ պարտավորեցնող է, մոտիվացնող:

«Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակ»-ը տրվեց «Անտարես» հրատարակչությանը՝ երիտասարդ գրողների գրքերի լույս ընծայման և հանրահռչակման գործում անգնահատելի ջանքերի համար: 

Մրցանակն «Անտարես»-ին հանձնեց Լևոն Անանյանի որդին, «Արմենպրես»-ի նախկին տնօրեն, «Երևանյան բեսթսելեր» նախագծի հիմնադիր Արամ Անանյանը:  «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Երբ առաջին մրցանակաբաշխությունն էինք կազմակերպում, նույն թիմն էր այստեղ: Տարբեր հարցեր էինք քննարկում, որոշում՝ ինչպես կազմակերպել և այլն: Կար մի շրջան, երբ մտածում էինք՝ արժե՞ շարունակել նախագիծը, քանի որ պտտվում էինք նույն անվանակարգերի շուրջ, իսկ այսօր տեսնում ենք, որ թե՛ մեր մշտական  մրցանակակիրների հարաբերակցությունն է փոխվել, թե՛ նոր անուններ կան, թե՛  հրատարակիչներ, թե՛ գրողներ: Ստացվում է՝ ամեն ինչ ճիշտ ենք արել: Շատ շնորհակալ եմ, որ Նարինե Նազարյանն ու նրա թիմը նույն ոգևորությամբ շարունակում են նախագիծը»,-ասաց Անանյանն ու մրցանակը հանձնեց «Անտարես»-ի PR ղեկավար Ռոզա Գրիգորյանին, որը  նաև շնորհակալագրի արժանացավ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» և «Նոր գիրք» հատուկ նախագծերի իրականացման գործում ներդրած անգնահատելի ջանքերի, անսպառ եռանդի ու նպատակասլացության համար:

HM2_6920.jpg (828 KB)

Գրիգորյանն ասաց, որ տարիների ընթացքում ավելի ու ավելի է սիրում «Երևանյան բեսթսելեր» և «Նոր գիրք» նախագծերը, իսկ «Անտարես»-ի մասին խոսելով՝ ընդգծեց, որ հայ ժամանակակից գրողների առաջխաղացումը հրատարակչության առաքելություններից է, քանի որ կա լավ գրականության, կան մրցունակ հեղինակներ:

«Հատուկ մրցանակ» տրվեց «Newmag» հրատարակչությանը՝ գրքի փառատոնների (BookFest) հիմնադրման և դրանց միջոցով գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հրատարակչության ստրատեգիական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանն ընդգծեց՝ փառատոնների կազմակերպումը նոր մշակույթ է ձևավորում, և տարեցտարի, փառատոնից փառատոն հասկանում են, որ հասել են ի սկզբանե դրված նպատակի իրագործմանը՝ գրքի հանդեպ սիրո ամրապնդմանը:

«Հատուկ մրցանակ» տրվեց նաև «Զանգակ» հրատարակչությանը՝ «Ամառային ընթերցանություն». հանդիպում գրքի շուրջ» նախագծի հիմնադրման, երեխաների շրջանում գրքի նկատմամբ սիրո ամրապնդման, գրական արժեքների տարածման գործում անգնահատելի ջանքերի համար:

«Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանի դիտարկմամբ՝ «Արմենպրես»-ն ունի իր դերակատարությունը նրանում, որ վերջին տարիներին գրքի մասին շատ է խոսվում։ «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ընթերցանությանը հատկապես փոքր տարիքից, որպեսզի գրագետ և ընթերցասեր հասարակություն ձևավորենք»,-ասաց նա՝ խոսելով հատուկ մրցանակի արժանացած նախագծի մասին:

Միջոցառմանն ամփոփվեց գործակալության և գործընկեր հրատարակչությունների «Գրքապտույտ» մրցույթը: Սոցցանցային մրցույթի հաղթողներից մի քանիսը ներկա էին ամփոփմանն ու որպես մրցանակ ստացան սպասված գրքերը: 

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am