Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորում է Կառուցապատողների 
հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հանդիպել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ որպես կոմիտեի առանցքային գործընկեր՝ կարևորում է ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը՝ ոլորտային հարցերի վերհանման և արդյունավետ լուծումների մշակման առումով։ «Առաջարկում եմ համատեղ աշխատել՝ հրատապ խնդիրների շրջանակը որոշելու և օր առաջ լուծելու ուղղությամբ՝ զուգահեռաբար մշակելով ոլորտի բարեփոխման հետագա քայլերը։ Մեր ցանկությունն ու վճռական մոտեցումն է՝ ապահովել բնագավառի բնականոն զարգացման հնարավորությունը՝ վերացնելով խոչընդոտները, միաժամանակ գնահատելով հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները»,-վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Կառուցապատողները շնորհակալություն են հայտնել Եղիազար Վարդանյանին պատրաստակամության և ոլորտի դերակատարների հետ երկխոսությունը գործնական հարթակում պահելու համար։ «Ծանոթ լինելով դեռևս որպես Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Ձեր մոտեցմանը՝ գիտական միտքը ծառայեցնել պրակտիկ գործունեությանը՝ լիահույս ենք, որ կոմիտեի հետ մինչ այս ձևավորված բարձր մակարդակի գործընկերությունը նոր լիցք կստանա։ Ասոցիացիան պատրաստ է համագործակցել ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում»,-նշել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի թվայնացումը, համալիր փորձաքննության կազմակերպման ձևի և բովանդակության վերանայումն ու հստակեցումը, ինչպես նաև քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորումը, որոնց առաջիկայում ձեռնամուխ է լինելու կոմիտեն։ Նա նշել է, որ բարեփոխումներն ամբողջ ծավալով իրականացնելիս անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել քաղաքաշինական գործընթացները կարգավորող իրավական ակտերում։

Հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք կարևոր հարցերի, դիտարկվել է նաև կառուցապատողների հնարավոր ներգրավումը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման շրջանակում բնակելի ավանի ստեղծմանը, ինչպես նաև քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տներով ապահովելու գաղափարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am