Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի ԱԳ նախարարի՝ Սաուդյան Արաբիա այցով սկիզբ է դրվում 2 երկրների փոխգործակցությանը․ արաբագետ

Հայաստանի ԱԳ նախարարի՝ Սաուդյան Արաբիա այցով սկիզբ է դրվում 2 երկրների 
փոխգործակցությանը․ արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի հիմնական ու էական առանձնահատկությունը միջպետական հարաբերությունների զարգացման մեկնարկի ազդարարումն է։ Դա կարգավիճակով առաջին բարձրաստիճան պաշտոնական այցն էր Սաուդյան Արաբիա՝ միտված ամուր կապերի ստեղծմանը։    

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերություններին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի համատեքստում։

«Այդ երկիր այցելել էր Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, սակայն դա աշխատանքային այց էր, ուստի այն որևէ կերպ միջպետական հարաբերությունների համատեքստում ներկայացնելը տեղին չէ, իսկ Միրզոյանի այցով սկիզբ է դրվում փոխգործակցության մեկնարկին։ Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ընդամենը մի քանի ամիս առաջ, երկկողմ համագործակցության համար դեռ չկա անհրաժեշտ փաստաթղթային բազան, որի ստեղծման կարևորությունն ընդգծել են երկու երկրների բարձրաստիճան տարբեր պաշտոնյաները՝ աչքի առաջ ունենալով առանձին փոխշահավետ ոլորտներում հնարավոր կապերի զարգացման տեսլականը»,-ասաց Պետրոսյանը։  

Նրա դիտարկմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները՝ որպես առանձին ուղղություն կարելի է դիտարկել այն համատեքստում, որ տվյալ պետության հետ մեր անկախացումից ի վեր չենք ունեցել դիվանագիտական հարաբերություններ, մինչդեռ արաբական և ընդհանրապես մահմեդական աշխարհում Սաուդյան Արաբիայի դերն ու կշիռը չափազանց մեծ է, հետևաբար քաղաքական առումով առաջնային շեշտադրումն այն է, որ տարածաշրջանային այդ ազդեցիկ երկրի հետ վերջապես հաստատում ենք լուրջ հարաբերություններ։  

«Սաուդցիների ներուժն անկասկած պետք է օգտագործել Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում, մահմեդական ու արաբական երկրների շրջանակում Հայաստանի տեսակարար կշիռը մեծացնելու և մեր դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև մեզ համար խնդրահարույց տարբեր օրակարգերը չեզոքացնելու համար։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացումը պետք է դիտարկվի ընդհանուր արաբական երկրների հետ կապերի զարգացման Հայաստանի քաղաքականության տրամաբանության մեջ։ Այս ուղղությունը առավելապես պայմանավորված է Հայաստանի դիվերսիֆիկացիայի ռազմավարության, հատկապես տնտեսական բաղադրիչի կարևորության տեսանկյունից։ Մենք պետք է ամբողջ արաբական տարածաշրջանն այդ առումով ընկալենք որպես կարևոր արիալ, որպես հայկական ապրանքների արտահանման պոտենցիալ շուկա և այնտեղից ներդրումներ բերելու ուղղություն»,- ասաց մեր զրուցակիցը։

Արաբագետը հավելեց՝ եթե Հայաստանին հաջողվի հասնել որոշակի ձեռքբերումների, ապա վստահորեն կարող ենք ասել, որ արաբական աշխարհի հետ համագործակցության տրամաբանությունն աշխատում է դրականորեն։ Պետրոսյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ կողմերը շեշտադրում են արել ընդհանուր ոլորտների վրա, որոնք մշտապես կարևորվել են մյուս արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համատեքստում։ Խոսքը վերաբերում է մասնավորապես տնտեսական, գործարար կապերին, առևտրաշրջանառությանը, ֆինանսական-բանկային բնագավառին, օդային ուղիղ չվերթների հաստատմանը, զբոսաշրջությանը, մշակութային կապերին, կրթությանը, արաբների կողմից չափազանց կարևորվող ՏՏ ոլորտին, արհեստական բանականությանը, որտեղ կողմերն ունեն համագործակցության ավելի մեծ հնարավորություններ։

«Բավականին կարևոր է նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Բին-Սալմանի անձնական նախաձեռնությամբ տարածաշրջանի առաջին և միակ «խելացի քաղաք» հիմնելու ծրագիրը, որի նկատմամբ եթե Հայաստանը ցուցաբերի ընդգծված հետաքրքրություն, ապա որոշակի համակրանք կառաջացնի սաուդցի պաշտոնյաների շրջանում Հայաստանի քաղաքականության և մեր երկրի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ։ Մեր տարածաշրջանի հանդեպ մոտեցումները 2020 թվականի պատերազմից ու ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներից հետո որոշակիորեն փոխվել են։ Եթե նախկինում Հարավային Կովկասը դիտարկվում էր որպես կոնֆլիկտային գոտի և աշխարհաքաղաքական սուր մրցակցության հարթակ, հիմա տեղի է ունենում հակառակ գործընթաց, և մեր տարածաշրջանը հատկապես կոմունիկացիաների ու էներգետիկ ռեսուրսների օգտագործման տեսանկյունից դարձել է ավելի գրավիչ»,- ասաց Պետրոսյանը։

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, ինչպես նաև կապերն Իրանի և Ռուսաստանի հետ՝ արաբագետը համոզմունք հայտնեց, որ բոլոր դերակատարները, որոնք կողմ են խաղաղ ու դրական մրցակցության, կարող են տարածաշրջանում զարգացնել կառուցողական համագործակցություն, առավել ևս, որ բոլոր հանդիպումների ընթացքում հայկական կողմն առաջ է քաշում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևորությունը։

«Կոմունիկացիաների ապաշրջափակման ու ենթակառուցվածքների անխափան շահագործման դեպքում մեծ հնարավորություններ կբացվեն Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի մյուս արաբական պետությունների համար։ Դա առաջն հերթին վերաբերում է այդ տարածաշրջանից մինչև Սև ծով ընկած ճանապարհի շահագործման կարևորությանը, ինչն, ըստ էության, ընձեռում է այլընտրանքային կապի հնարավորություն։ «Խաղաղության խաչմերուկ»-ը դեռևս նախագծային փուլում է, որի իրականացման համար կան որոշակի խոչընդոտներ՝ կապված Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումների հետ։ Այդուհանդերձ, հայկական կողմը պետք է ավելի բացի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որպեսզի այն լինի ավելի ընկալելի։ Դրա համար անհրաժեշտ է առաջարկել կոնկրետ լուծումներ, ցույց տալ, թե մենք ինչ մաքսային-հարկային և լոգիստիկ առավելություններ կարող ենք առաջարկել գործընկերներին, ինչ որակի ճանապարհներ կարող ենք տրամադրել աշխարհին, որպեսզի արտասահմանյան բեռնափոխադրումներն ու ապրանքաշրջանառությունը լինեն շատ ավելի գայթակղիչ, շահավետ ու մատչելի»,- ասաց արաբագետը։

Պետրոսյանի պնդմամբ՝ արաբական երկրների հետ աշխատանքներում հատկապես Հայաստանը պետք է լինի առավել նախաձեռնող և փորձի հետևողական լինել պայմանավորվածությունների իրականացման հարցում, ինչն առհասարակ արաբական ուղղության կարևոր նրբություններից մեկն է։ Նրա խոսքով՝ հաջողություն արձանագրելու հնարավորություններն այդ դեպքում կլինեն շատ ավելի մեծ։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am