Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տավուշի մի շարք համայնքների բնակիչները բացում են միջպետական ճանապարհը

Տավուշի մի շարք համայնքների բնակիչները բացում են միջպետական 
ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, որն ապրիլի 20-ի առավոտից Կիրանց բնակավայրի հատվածում փակվել էր Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչների կողմից, բացվում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նշվում է, որ Կիրանց գյուղի վարչական ղեկավարը հայտնել է, որ ապրիլի 22-ին հանդիպում է նախատեսված ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվելու են Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզի հատվածում սահմանազատման հետ կապված ընդհանուր հարցեր։

«Ազատության» թղթակիցը հայտնել է, որ ճանապարհն առավոտից փակ է եղել, առաջացել էր մի քանի կիլոմետրանոց խցանում՝ հավելելով, որ ճանապարհը քիչ-քիչ բացվում է։

Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի բնակիչները, փակելով միջպետական ճանապարհը, իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ՝ համարելով, որ դա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Բնակիչները պնդում են, որ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և առաջարկվող սկզբունքներով սահմանազատման իրականացումը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի համար։

Ավելի վաղ դեպքի վայր էին ժամանել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Ցուցարարները, սակայն, չէին լսել ճանապարհը բացելու նրանց կոչերն ու շարունակում էին փակ պահել այն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: 

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am