Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Առարկայական օլիմպիադաներում առաջին կարգի դիպլոմի է արժանացել ավելի քան 70 աշակերտ

Առարկայական օլիմպիադաներում առաջին կարգի դիպլոմի է արժանացել ավելի 
քան 70 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մայիսի 3-ին տեղի ունեցավ 2023-2024 թվականի դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողների 1-ին կարգի դիպլոմների շնորհման արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  շնորհավորելով առարկայական օլիմպիադայում հաղթած դպրոցականներին՝ դիպլոմները նրանց հանձնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ վստահություն հայտնելով, որ հանրապետական օլիմպիադայում գրանցած արդյունքները լինելու են հաջողությունների սկիզբ։

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

«Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել, որ կարևորում եք կրթությունը, իսկ այն, որ դուք ունեք այդ հաջողությունը, վկայում է դրա մասին։ Դա նշանակում է, որ դուք  ձեր ժամանակից, որը կարող էիք ծախսել բազում այլ զբաղմունքների ու անելիքների վրա, կարևորել եք այն ձեր գիտելիքները զարգացնելուն տրամադրելը»,-ասաց Անդրեասյանը՝ կարևորելով նաև ներդրվող ջանքերի գնահատումը, ինչը կոգևորի նոր արդյունքներ գրանցելու և նոր նպատակներ դնելու համար։

Նախարարի խոսքով՝ բացի դիպլոմներից, ըստ գործող կարգի, առարկայական օլիմպիադաների հաղթողները նաև կրթաթոշակի հնարավորություն կստանան։

«Կարծում եմ՝ դրանով իսկ համոզվում եք, որ սեփական գիտելիքներով կարելի է վաստակել արդեն դպրոցական տարիքից»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ նշելով, որ հանրակրթական նոր չափորոշչի ներդրման նպատակներից է, որպեսզի դպրոցներում աշխատանքն ու կրթությունը չհակադրվեն, այլ կրթությունը նաև աշխատանքի միջոցով իրականացվող գործընթաց լինի։

Այս ուսումնական տարում Երևանից ու ՀՀ մարզերից 74 աշակերտ տարբեր առարկաներից օլիմպիադայում առաջին տեղ է գրավել, ինչը Անդրեասյանի գնահատմամբ, բավականին լավ արդյունք է։

«Տարեցտարի անցկացվող օլիմպիադաները ցույց են տալիս նաև, որ մենք դեռևս բավականին անելիք ունենք և մենք նաև այդ մասին ենք մտածում․ օլիմպիադաների մարզային փուլերում ավելի շատ ռեսուրս դնելու, նաև օլիմպիադաների թափանցիկության, ինչու չէ, նաև որոշ օլիմպիադաների գծով ծրագրային ապահովման կիրառման, էլեկտրոնային եղանակների ներդրման ուղղությամբ։ Այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, և կարծում եմ, որ առաջիկա տարիներին ընթացակարգային կարևոր փոփոխություններ կունենանք»,-տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարը։

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Մնացականյանը, մասնակցելով օլիմպիադաների հանրապետական փուլին, առաջին կարգի դիպլոմներ է ստացել Հայոց պատմություն և Հայոց լեզու առարկաներից, երրորդ կարգի դիպլոմ՝ ֆրանսերենից, գովասանագիր՝ Հայոց եկեղեցու պատմությունից։ Ընդ որում, Հայոց պատմություն առարկայից արդեն երկրորդ անգամ է առաջին կարգի դիպլոմ վաստակում։

«Օլիմպիադան մեր գիտելիքները ստուգելու յուրահատուկ փորձաշրջան է ու նաև մեծ փորձ է հետագայում քննություններին նախապատրաստվելու առումով։ Օլիմպիադան շատ նոր ծանոթություններ, ընկերներ, հետաքրքիր էմոցիաներ է պարգևում»,-ասաց նա՝ հավելելով, որ առարկայական օլիմպիադայում հաղթանակը նաև վստահություն է հաղորդում սեփական գիտելիքների նկատմամբ՝ ամրապնդելով դրանք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am