Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ավելի քան 12 մլն դոլարի գույք է վերականգնել

Գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի 
պաշտպանության շրջանակում ավելի քան 12 մլն դոլարի գույք է վերականգնել

ԵՐԵՎԱՆ, 26  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի գլխավոր դատախազությունը պետական և համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում 2023 թվականին փաստացի վերականգնել է շուրջ 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին (12 մլն 658 հազար ԱՄՆ դոլարին) համարժեք գույք, ինչը 460 անգամ ավելի է, քան 2022 թվականին (ընդամենը 11 մլն դրամ):

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանում ապրիլի 26-ին մեկնարկած «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմայով միջազգային  խորհրդաժողովի բացմանը։

«Հայաստանի Հանրապետության դատախազության առաջնահերթություններից է միջազգային-իրավական կապերի, միջազգային կառույցների հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում այլ պետությունների իրավասու մարմինների հետ մինչդատական վարույթում գտնվող քրեական վարույթներով համագործակցության խորացումը»,-ընդգծեց Վարդապետյանը։

Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտին՝ նա ներկայացրեց, որ  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է 465 ուսումնասիրություն: Դատարան է ներկայացվել 103 հայցադիմում, որոնցով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1070 անշարժ և 210 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 290 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հանրագումարային արժեքը կազմում է շուրջ 526 միլիարդ դրամ, որը համարժեք է ավելի քան 1 միլիարդ 335 միլիոն ԱՄՆ դոլարին:

Ընդհանուր հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցության, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:

«Ավելի քան 15 հայցադիմումներով ներկայում ընթանում է բուն դատաքննության փուլը, իսկ մեկ գործով ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, սակայն դեռևս չի կայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտ»,-մանրամասնեց Վարդապետյանը՝ հավելելով, որ 2023 թվականի ընթացում գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ՝ 2 միլիարդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ: 2024 թվականին կնքվել է հաշտության 2 համաձայնություն, որոնցից մեկով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվել ավելի քան 2 միլիարդ դրամ շուկայական արժեքով գույք, իսկ մյուսով փոխանցվելու է 608 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am