Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը մեր ռազմական փառքի 
անցյալն է, բայց ոչ անցածը․ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-ամյակի առթիվ իր կենտրոնական գրասենյակի հարակից տարածքում կազմակերպել էր տոնական միջոցառում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը նշեց, որ կան իրադարձություններ, որոնք անհնար է մոռանալ, ինչպես սեփական անունը, հայրենիքը, արևը, և այդպիսի իրադարձություն է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, որ կոփվել է միլիոնավոր մարդկանց, այդ թվում հարյուր հազարավոր հայերի անլուր զոհողությունների ու մեծագույն ջանքերի գնով։    

HM2_8728.jpg (814 KB)

Ղազարյանը ևս մեկ անգամ հպարտությամբ հիշեցրեց, որ միայն Հայաստանից 600 հազար հայորդիներ մասնակցեցին այդ պատերազմին, որոնց կեսն իր կյանքը տվեց բաղձալի հաղթանակը մոտեցնելու համար։

«Ունեցել ենք վեց զորահրամանատարներ, հարյուրից ավելի հերոսներ, տարբեր սխրագործությունների համար պարգևատրված բազմաթիվ հայորդիներ, փառքի շքանշանի երեք աստիճանների լրիվ ասպետներ։ Հաղթանակի խորհուրդը պետք է փոխանցվի սերնդեսերունդ՝ առհավետ պահելով մեր հավաքական հիշողության մեջ։ Դա կօգնի բոլոր ժամանակներում անհրաժեշտության դեպքում անդամագրվել մեր հայրենիքի պաշտպանության գործին՝ արժանի լինելով մեր պապերի կատարած սխրանքին»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն անկասկած հարգում է իր պատմության ամենապայծառ էջերը։ Մեծ Հայրենականը եղավ ազգային խիզախության դրսևորումներից մեկը։ Ղազարյանի բնորոշմամբ՝ Մեծ Հայրենականի փառքն անանց է, այն մեր հերոսական, մեր ռազմական փառքի անցյալն է, բայց ոչ անցածը, ավելին՝ ներկան է, որ պարտավոր ենք փայփայել։  

ՀՀԿ Կենտկոմի առաջին քարտուղարը տեղեկացրեց, որ տոնախմբության շրջանակում բացվելու է հաղթանակի դրոշը, նախատեսված է համերաշխության երթ դեպի ՌԴ դեսպանատուն, այնտեղից Շահումյանի անվան հրապարակ, իսկ վերջում մասնակիցները կայցելեն Հաղթանակ զբոսայգի՝ ծաղիկներ խոնարհելու Մեծ Հայրենականում զոհված մեր հայրենակիցների հիշատակը խորհրդանշող անմար կրակի պատվանդանին։

«Հասկանում ենք, որ այսօրվա խորհուրդը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակն է, սակայն չենք մոռանում նաև արցախյան եռատոնը, որը, ցավոք, չենք կարող նախկինի պես նշել։ Շատ ենք կարևորում հայրենասիրական դաստիարակությունը, որպեսզի կարողանանք դիմակայել այսօրվա արհավիրքներին ու մարտահրավերներին»,- ասաց մեր զրուցակիցը։

Ղազարյանը հավելեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի իր ուրույն տեղը մեր երկրի ներքաղաքական, հասարակական կյանքում՝ չնայած թերագնահատված է շատերի կողմից։

Ղազարյանը վերջում նշեց, որ հայ գործընկերներին հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ Կոմկուսի կենտկոմի նախագահ, ԿԿՄ-ԽՄԿԿ կենտրոնական խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի Կոմունիստական կուսակցության խմբակցության ղեկավար Գենադի Զյուգանովը և ՌԴ Կոմկուսի կենտկոմի քարտուղար, Պետդումայի ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաևը։ 

«Անհնար է գերագնահատել հայ ժողովրդի ներդրումն ընդհանուր հաղթանակի գործում։ Այն արտացոլվում էր և՛ մարտի դաշտում, և՛ թիկունքում կատարած անձնազոհ աշխատանքում։ Ցեղասպանությունից տուժած ժողովուրդն ամենալավն էր հասկանում, թե ինչ վտանգի էր ենթարկվելու ԽՍՀՄ յուրաքանչյուր բնակիչ, եթե հաղթեին հիտլերյան ֆաշիստները։ Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը մեկնեց ռազմաճակատ, նրանց կեսից ավելին չվերադարձան տուն։ Հայկական վեց դիվիզիաներ պայքար են մղել պատերազմի կարևորագույն մարտերում՝ Մոսկվայի ու Ստալինգրադի պաշտպանությունից մինչև Եվրոպայի ազատագրում և Բեռլինի գրոհը»,- նշել է Զյուգանովը։

«Հայ ժողովուրդն անգնահատելի դեր է խաղացել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակ կերտելու գործում՝ ցուցաբերելով հերոսություն և աներևակայելի անձնազոհություն, հետևաբար հայերի ներդրումը հիրավի մեծ է։ Շուրջ 600 հազար հայեր կռվում էին Կարմիր բանակի շարքերում՝ մասնակցելով կարևորագույն ճակատամարտերին, նրանց քանակը փաստացի կազմում էր Հայկական ԽՍՀ բնակչության 20 տոկոսը։ Հայ ժողովուրդը հայրենասիրության վառ օրինակ է»,- նշել է Տայսաևը։

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am