Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Մեկնարկել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման փուլը

Մեկնարկել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին 
գործարարներին»  նախաձեռնության դրամաշնորհային  հայտերի ուսումնասիրման 
փուլը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող  «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում մեկնարկել են դրամաշնորհային հայտերի ուսումնասիրման և հաղթողներին վեր հանելու նպատակով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները:

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ բարեգործական ընթրիքի մասնակից 42 գործարար կանանց շնորհիվ հանգանակվել է 42 միլիոն դրամ՝ որպես աջակցություն սկսնակ կին գործարարներին:

«Այսօր և հետագա աշխատանքների ընթացքում մենք 166 հայտատուից կընտրենք 42 շահառուի, որի համար մշակված են գնահատման թերթիկներ, աշխատանքային կարգ»,-ասաց Հակոբյանը՝ կարևորելով դրամաշնորհի բաշխման գործընթացում ճիշտ, արդար, թափանցիկ գործելաոճը, ինչպես նաև արդյունավետության մոնիթորինգի իրականացումն ու այն հանրությանը ներկայացնելը:

Նրա խոսքով՝ բարեգործական ծրագիրը նախատեսվում է շարունակական դարձնել՝ առնվազն տարեկան երկու անգամ պարբերականությամբ:

Աշխատանքները նախագահում է «Իմ քայլը» հիմնադրամի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Վահագն Թևոսյանը, ով  նշեց, որ բարեգործական ճաշկերույթի ամբողջ ծախսն իր վրա է վերցրել հիմնադրամը՝ դրա շնորհիվ  ուղիղ կապ ստեղծելով նվիրատուների և շահառուների միջև:

Հայտերի ուսումնասիրման և հաստատման ընթացակարգերն ու չափորոշիչները ներկայացրեց հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը:

«Հիմնադրամը նախապես երկու պայման էր առաջադրել հայտերի հետ կապված. առաջինը, որ ունենան իրավաբանական անձի կարգավիճակ, և երկրորդը՝ գործունեություն ծավալեն ՀՀ մարզերում: Այսօր առաջին կետով կփորձենք վերհանել այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մեր նախանշած պայմաններին, իսկ այն հայտերը, որոնք համապատասխանում են, կանցնեն հաջորդ փուլ»,-պարզաբանեց Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ փուլ անցած մասնակիցներին կուղարկվի հայտերի լրացման ավելի պրոֆեսիոնալ ձևաչափ, որի միջոցով դիմումատուները մանրամասն կներկայացնեն իրենց բիզնեսը և թե ինչպես են պատրաստվում օգտագործել 1 մլն դրամը բիզնեսը զարգացնելու համար: Այնուհետև աշխատանքային խմբի կողմից ներկայացված հայտերի գնահատման արդյունքում ամենաբարձր միավորներ հավաքած 42 հայտերը կճանաչվեն հաղթողներ:

Հայտերի ուսումնասիրման և գնահատման նպատակով ստեղծված  աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են  «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, բիզնեսի պլանավորման և կառավարման անկախ փորձագետներ, ՀՀ էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչներ:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքի ողջ հասույթը՝ 1-ական մլն դրամ դրամաշնորհի  տեսքով, տրամադրվելու է 42 սկսնակ կին գործարարների՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am