Հանրապետության հրապարակում ընթանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիրանցից մայիսի 5-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հասել է Երևան և հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը հանրահավաքը սկսեց ներկաների հետ Հայաստանի Հանրապետության օրհներգը երգելով: Այնուհետև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ միասին բոլորն աղոթեցին:
«Մենք միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու և ասելու, որ ոչինչ ու ոչ ոք՝ երկնքում և ոչ երկրի վրա, ոչ իշխանություններ և ոչ պետություններ, որևէ տեսակի ուժ չի կարող հայոց հոգին՝ փառավոր հոգին, ընկճել»,–ասաց Բագրատ Սրբազանը՝ շնորհակալություն ու գնահատանք հայտնելով շատերին՝ անհատներին, շարժումներին, կուսակցություններին:
Ըստ նրա՝ շարժումն առաջին հաղթանակն է գրանցել՝ սահմանազատման գործընթացի շրջանակում տեղադրվող սահմանային սյուների հետ կապված: «Առանց որևէ խոչընդոտի ուզում էին սահմանագծման, այսպես կոչված, քարերը դնել: Երեկ լուր ստացանք, որ սահմանագծման այդ վերջին 3 քարերը չեն դրվել: Կասեցվել կամ դադարեցվել է այդ գործընթացը՝ շնորհիվ այս ժողովրդի պայքարի: Եվ այդպես լինելու է բոլոր հանգրվաններում»,–ասաց Բագրատ արքեպիկոպոս Գալստանյանը:
Նա վստահեցրեց, որ եկել են լայն հասարակական հաշտության մտքով: «Երկու հոգի միմյանց չեն վստահում մեր երկրում, ընտանիքներում, փողոցներում, ամենուր է պառակտումը: Թշնամությունը՝ ստի հետ, քանդել է մեր տունը, ատելությունը դարձել է ընդհանրական մշակույթ»,–ասաց նա՝ հավելելով, որ ունեն հաշտության օրակարգ, որը պետք է իրականություն դարձնեն:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև հայտարարեց, որ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ շեշտելով, որ պատրաստ է այդ հարցով հանդիպել վարչապետի հետ։
Հանրահավաքին ելույթ ունեցան նաև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Ելույթները շարունակվում են:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 5-ից Տավուշի մարզից քայլերթ էր սկսել դեպի Երևան։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում