Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» ներկայացմամբ էմոցիոնալ մարտահրավեր կնետի Երևանի հանդիսատեսին

Անգլիայի ազգային բալետը «Ժիզել» ներկայացմամբ էմոցիոնալ մարտահրավեր 
կնետի Երևանի հանդիսատեսին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ազգային բալետը, համադրելով  դասական և ժամանակակից պարը, կարողանում է համաշխարհային ստեղծագործություններն ինքնատիպ լեզվով, յուրօրինակ ոճով մատուցել արվեստասերներին, աննկարագրելի հույզեր փոխանցել և հնարավորություն տալ առավել սիրել բալետային արվեստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անգլիայի ազգային բալետը Երևանի քաղաքապետարանի հրավերով առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա Երևանում՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Ժիզել» բալետը՝ լեգենդար Ակրամ Խանի բեմադրությամբ: Ներկայացումները տեղի կունենան մայիսի 10-ին և 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Անգլիայի ազգային բալետի հյուրախաղերով Երևանում մեկնարկում է «Երևան բալետ ֆեստ 2024»-ը: Երևանը, լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, իրական մշակութային մայրաքաղաք, չէր կարող չհրավիրել գրեթե 80 տարվա պատմություն ունեցող Անգլիայի ազգային բալետը, որը  նվաճել է տասնյակ հազարավոր մարդկանց սրտեր, վստահ եմ՝ նվաճելու է նաև երևանցիների սրտերը»,-մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ու ընդգծեց՝ թատերախմբի «Ժիզել»-ը համարվում է 21-րդ դարի պարարվեստի գլուխգործոց:

OLD03246.JPG (390 KB)

Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը թատերախմբի առաքելությունն է համարում համաշխարհային ներկայացումները  մասսայական դարձնելը, ինչը հնարավոր է դառնում հյուրախաղերի միջոցով: 

OLD03270.JPG (470 KB)

Հայաստանն ու Երևանը ջերմ են ողջունել հյուրերին, և  նրանք ուրախ են իրենց աչքերով տեսնել տեղի հարուստ մշակույթն ու պատմությունը:

«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում դասական բալետի ընդունված բոլոր կանոններին, սակայն մեզ համար նաև կարևոր է ավելի ցայտուն, նորարարական մոտեցումը՝ չանտեսելով արդեն իսկ ընդունված, մեծ սեր ու հարգանք վայելող դասական բալետը: «Ժիզել»-ն իմ ասածի լավագույն օրինակն է: Երկար ամիսների ընթացքում ենք իրականացրել այս ներկայացումը, որը հատուկ ստեղծվել է Անգլիայի ազգային բալետի համար: Երկար ենք աշխատել արտիստների հետ, նրանց կերպարները գտնելու, զարգացնելու, նրանց հետաքրքիր հատկանիշներ տալու առումով: Խորեոգրաֆները նորարարական մոտեցումներ են ցույց տվել. համարձակ էմոցիաները, վերապրումները, որ նրանք պետք է  ստեղծեին, կարողացել են լիարժեք տեղ հասցնել»,-շեշտեց Աարոն Վոտկինը, որի համոզմամբ՝ Ակրամ Խանի հոգին ցնցող խորեոգրաֆիայի շնորհիվ «Ժիզել»-ն ինքնատիպ է:

«Ժիզել»-ի առաջնախաղը տեղի է ունեցել 2016 թվականին Մանչեստրում: Պրեմիերայից հետո այն հասցրել է գրավել աշխարհում ավելի քան 156 հազար արվեստասերի սիրտ, ներկայացվել է տասը երկրի տասնվեց քաղաքում: Այն նաև ցուցադրվել է կինոթատրոններում:

«Այս ներկայացմամբ ցանկանում ենք հանդիսատեսի հոգուն հասցնել արտառոց, բացառիկ էմոցիաները, որոնք դասականից դեպի նեոդասականություն են գնում: Ուզում ենք ոգեշնչել, հնարավորություն տալ ցնծալ: Մենք էմոցիոնալ մարտահրավեր ենք նետում հանդիսատեսին, ուզում, որ բացառիկ զգացողություններ ապրի, քանի որ «Ժիզել»-ը համամարդկային թեմա է շոշափում, և Ազգային բալետը հպարտանում է այս ներկայացմամբ»,-շեշտեց Վոտկինը:

Ժիզելին մարմնավորում է Էրինա Տակահաշին: Նա Ժիզելը համարում է իր խաղացած ամենահուզառատ կերպարը: «Ամեն անգամ Ժիզել պարելիս տարբեր զգացողություններ եմ ունենում: Դա կախված է  դահլիճից, բեմից և այլն: Մենք «Ժիզել»-ն ապրում ենք հենց այդ պահին: Սկսվում է այդ խաղն, ու մինչև ներկայացման ավարտը անդադար էմոցիոնալ փոփոխական ապրումներ ենք ունենում: Ամեն անգամ նոր փորձառություն է»,-նշեց պարուհին:

OLD03291.JPG (451 KB)

Ջեյմս Սթրիթերը կերտել է Ալբրեխտի դերը: «Որքան էլ մենք նշում ենք, որ այս ներկայացումը նորարարական է և տարբերվող, միևնույն է՝ սիրո եռանկյունը և էմոցիոնալ լեզուն, որով ներկայացվում է «Ժիզել»-ը, խորքային մասով դասական են, սակայն այստեղ հանդիսատեսն ունի մտավոր ազատության դաշտ, որտեղ կարող է մեր ապրումների հոսքի շնորհիվ ստեղծել իր էմոցիոնալ դաշտն ու վերապրել Ալբրեխտի կամ այլ կերպարի հույզերը: Ապրումակցման գործոնն է ներկայացումը բացառիկ դարձնում»,-հավաստիացրեց նա:

OLD03304.JPG (486 KB)

Անգլիայի ազգային բալետի թատերախումբը՝ գեղարվեստական, ստեղծագործական, տեխնիկական անձնակազմերը Երևան կժամանեն հատուկ չվերթով, արդեն Երևանում են ներկայացման ռեկվիզիտները, դեկորացիաները, լուսային-ձայնային տեխնիկական հատուկ միջոցները: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հյուրախաղերին ընդառաջ, իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ թատրոնի վերանորոգման, վերազինման և հատուկ կահավորման մասերով: Հյուրախաղերն իրականացվում են Երևան քաղաքի բյուջեով նախատեսված միջոցառումների շրջանակում:  

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am