Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի

Ուկրաինան կարող է մոբիլիզացնել 10-20 հազար բանտարկյալի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ երկրի զինված ուժերում կարող է մոբիլիզացվել 10 000-ից 20 000 բանտարկյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Այդ մասին նա ասել է անմիջապես այն բանից հետո, երբ Գերագույն ռադան օրենք է ընդունել, որը թույլ է տալիս մոբիլիզացնել որոշ կատեգորիաների դատապարտյալների։

BBC-ի թղթակիցները խնդրել են Մալյուսկային մեկնաբանել այն փաստը, որ նախկինում «միայն ռուսական իշխանություններն էին ազատազրկվածներին ռազմաճակատ ուղարկում»։

«Ես կույր կլինեի, եթե չտեսնեի զուգահեռները։ Անշուշտ, զուգահեռներ կան։ Կարիք չկա ինքներս մեզ խաբելու, բայց, այնուամենայնիվ, խոսքը գնում է մոտեցումների տարբերության մասին։ Իրենց համար դա հարկադրված մոբիլիզացիա էր, բոլորին ստիպեցին գնալ, նրանց մոտ ոչ մեկին չէին պատրաստում, առանց նախապատրաստության նրանք ուղղակի «միս» էին», - ասել է նախարարը։

Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանում բանտարկյալների մոբիլիզացիան կամավոր է եղել։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ռազմական գործողությունների սկզբնական փուլում նրանց առաջարկել են կռվել վեց ամիս, որից հետո ենթադրվում էր, որ նրանց ներում կշնորհեին ու ազատ կարձակեին։ Հետագայում դատապարտյալները սկսել են պայմանագրեր կնքել ՌԴ պաշտպանության նախարարության հետ մինչև ռազմական գործողությունների ավարտը՝ առանց ներման, այլ միայն պայմանական ազատ արձակմամբ։

Ուկրաինայի արդարադատության նախարարը ենթադրել է, որ ուկրաինական բանտերից կարելի է մոբիլիզացնել «տասը-քսան հազար» մարդու և «միանշանակ ոչ ավելի»։

«Հարցը մոտեցումների մեջ է։ Ես ասում եմ, որ թվերն ընդհանրապես չեն հաշվարկվել, քանի որ կախված յուրաքանչյուր սցենարից՝ թիվը տարբեր կլինի», - ասել է Մալյուսկան։

Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի ռազմաբժշկական հանձնաժողովներից։

Ռադայի ընդունած օրենքով արգելվում է ծանր հանցագործությունների՝ կանխամտածված սպանության, բռնաբարության, սեռական բռնության, ինչպես նաև ազգային անվտանգության դեմ հանցագործությունների համար ազատազրկված անձանց մոբիլիզացիան։

Սահմանափակումները վերաբերում են նաև կոռուպցիայի համար դատապարտված պաշտոնյաներին։ Այնուամենայնիվ, օրենքի վերջնական տարբերակում Ուկրաինայի զինված ուժերում ծառայության համար պայմանական վաղաժամկետ ազատումը թույլատրվել է չկանխամտածված սպանություն կատարած անձանց (բացառությամբ նրանց, ովքեր նման հանցագործություն են կատարել հարբած վիճակում կամ դեղամիջոցների ազդեցության տակ):

Բանտարկյալների մոբիլիզացիան հնարավոր է միայն դատարանի որոշմամբ և պետք է լինի անձի կամավոր որոշումը՝ զորամասի հրամանատարի համաձայնությամբ։ Բանտարկյալը պետք է պիտանի լինի Ուկրաինայի զինված ուժերում ծառայության համար՝ հաշվի առնելով նրա հոգեկան վիճակը և առողջությունը։ Նրա պատժի ժամկետի ավարտին պետք է մնացած լինի երեք տարուց ոչ ավելի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am