Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

Քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ՀՀ-ի և 
Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Իսպանիայի թագավորություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Իսպանիայի գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Էվա Օրտեգայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում Հայաստանի և Իսպանիայի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին: Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներն ինտեգրելու և մեկ միասնական համակարգ ու քաղաքականության ունենալու նպատակով նախորդ տարի ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Նախարարը կարևորել է երկու երկրների համապատասխան կառույցների միջև համագործակցությունը, որի համատեքստում պայմանավորվածություն է ձեռքբերվել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին հուշագիր  ստորագրելու վերաբերյալ:

Ներկայացնելով գիտության ոլորտի զարգացման պետական քաղաքականությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը մեծացնելու և խթանելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով համատեղ գիտական և հետազոտական համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Էրազմուս» և «Հորիզոն Եվրոպա»  ծրագրերին: Կողմերը պայմանավորվել են համագործակցության ծրագրերի շրջանակում ներկայացնել համատեղ նախագծեր: Միաժամանակ ընդգծվել է, որ արդեն իսկ առկա է արդյունավետ համագործակցություն՝ շուրջ 2500 համատեղ  հրապարակումներ կան հայ և իսպանացի գիտնականների և հետազոտողների միջև:

Նախարարն իսպանական կողմին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ այդ համատեքստում կարևորելով նաև միջբուհական համագործակցությունը և այդ ուղղությամբ ՏՏ, բնական գիտությունների և ագրոտեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները: Նշվել է, որ ՀՀ ուսհաստատությունները շահագրգռված են ընդլայնել Իսպանիայի Թագավորության հետ արդեն գոյություն ունեցող համագործակցության շրջանակը, ակտիվացնել փոխայցելությունները, համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայագիտության ոլորտում համատեղ հետազոտություններ իրականացնելու հնարավորությանը, քանի որ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում գործում է հայագիտության ամբիոն, իսկ ազգային գրադարանում առկա են հայկական ձեռագրեր: Այդ համատեքստում նշվել է, որ հայագիտական առարկաների ուսումնասիրության համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն տրամադրում է կրթաթոշակային տեղեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am