Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Նրանց բոլորի աչքերում մեկ բան էի կարդում` մեծ ցավ. Վիկտոր Չամարա

Նրանց բոլորի աչքերում մեկ բան էի կարդում` մեծ ցավ. Վիկտոր Չամարա

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի երկրաշարժից մի քանի օր անց «Ուկրինֆորմ»-ի նախկին տնօրեն Վիկտոր Չամարան այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում, շփվել բնակիչների հետ: Այն, ինչ տեսել ու լսել է, Չամարան 26 տարի անց էլ չի կարողանում մոռանալ: Փլատակներ, սևազգեստ մայրեր, տարակուսանք, վախ ու անելանելի վիճակում հայտնված մարդիկ, ովքեր կորստի մեծ ցավով փորձում էին գոյատևել: Սպիտակում և Վանաձորում լսած պատմությունները, ռեպորտաժների հերոսները շատ են: Չամարան խոստովանում է, որ որևէ մեկին առանձնացնել չի ցանկանում. անկախ պատմություններից` բոլորի աչքերում նույն բանն էի կարդում`մեծ ցավ:

«Սպիտակում միայն փլատակներ էին, ամեն ինչ հողին էր հավասարվել: Եթե Սպիտակը, պատկերավոր ասած, վերածվել էր մահացած քաղաքի, ապա Կիրովականում ավելի շատ մարդ կար, նրանք ապրում էին վրաններում: Ձմեռը շատ խիստ էր. դրսում երեսուն աստիճան ցուրտ էր: Մենք ոչ միայն լուսաբանում էինք կատարվածը, այլև քաջալերում մարդկանց, օգնություն տրամադրում: Մեր պարտքն էինք համարում մարդկանց քաջալերել: Մտնում էինք վրանները, զրուցում: Այդ ամենը, անշուշտ, որոշակի ազդեցություն ունենում էր, քանի որ լինելով այդ վիճակում, տեսնելով այդ ամենը, կարիք կար նման զրույցների, որ ձեր հայրենակիցները մտածեին ապագայի մասին, արագ ոտքի կանգնեին: Ես հիշում եմ, որ Կիրովականում տուժածներին օգնություն ցուցաբերելու գրասենյակը գտնվում էր չորրորդ հարկում և մենք գրեթե ամեն րոպե ներքև էինք վազում, քանի որ ցնցումներ էին լինում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Չամարան:

Անցած քսանվեց տարիների ընթացքում Չամարան այլևս չի այցելել աղետի գոտի: Ասում է`շատ է ցանկացել, սակայն ժամանակ չի եղել, բացի այդ, եղել է ներքին մի զգացողություն, որ իրեն թույլ չի տվել այցելել:

«Ես գիտեմ, որ այնտեղ վերականգնողական աշխատանքներ են կատարվում, շատերը բնակարան են ստացել, որոշները դեռ ապրում են տնակներում: Այդ պատմություններից հետո այլևս Սպիտակ կամ Կիրովական չեմ այցելել: Գուցե մի օր այցելեմ, երբ արդեն երկրաշարժի հետք այնտեղ չի լինի»,- ասաց Չամարան:   

Քսանվեց տարի առաջ Սպիտակի ահեղ երկրաշարժը խախտեց Հայաստանի անդորրը: 1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41-ին, Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՄԻՆԱՍՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am