Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան ամիսներին ավելացել է Հայաստան տեղափոխվող սիրիահայերի թիվը: Մայիսի 12-ին Սիրիայում ավարտվել են դասերը և քննական շրջանից հետո մի շարք ընտանիքներ փոխել են բնակության վայրը` գալով Հայաստան, այլ երկիր կամ էլ Սիրիայի ներսում որևէ անվտանգ շրջան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «Այս պահին Սիրիայից դուրս եկողները շատացել են, իհարկե, բոլորը չէ, որ գալիս են Հայաստան, բայց վերջին 1-1.5 ամսում Հայաստան է ժամանել 500 սիրիահայ: Դա նախորդ մի քանի ամիսների համեմատ մեծ թիվ է»,-ասաց Ֆիրդուս Զաքարյանը: Նա նշեց, որ ներկայում սիրիահայերի թիվը Հայաստանում առնվազն 12.5 հազար է:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հատուկ քայլեր են կատարվում նոր ժամանած սիրիահայերի հարմարումը հայրենիքում ապահովելու համար, Ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց. «Նրանց հետ նույն աշխատանքն ենք տանում, ինչ նախկինում եկածների: Եթե ունի կացարան, լավ է, եթե ունի կացարանի վարձավճարի խնդիր, հոգում ենք այդ վճարները, իհարկե, մինչև աշխատանք կգտնեն: Իրենց մենք բացատրում ենք, թե ինչ արտոնություններ ունեն: Մասնավորապես, ասում ենք, որ առողջապահությունն իրենց համար անվճար է, բուհում սովորողների ուսման վճարն ենք փոխհատուցում, նախադպրոցական հիմնարկներում նրանց ընդունում են արտահերթ, վիզաների հարցն ենք կարգավորում»:

Ֆիրդուս Զաքարյանը դժվարացավ հստակ նշել, թե նոր ժամանած 500 սիրիահայերից քանիսը մշտական բնակություն կհաստատեն Հայաստանում: Նա ասաց, որ Սիրիայից դուրս եկածների միայն 20 տոկոսն է ժամանել Հայաստան: «Սիրիայում ապրել է 60-80 հազար հայ, այս պահին 17 հազար հայ է մնացել: Կեսից պակասն է, որ Հալեպում են բնակվում, մնացածները Լաթաքիայում, Քեսաբում, Ղամշլիում: Սիրիայի ներսում են տեղափոխվում, Հալեպից տեղափոխվում են այլ հատվածներ, որոնք առավել անվտանգ են»,-ավելացրեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է նրան, որ Սիրիայից Հայաստան տեղափոխված և այստեղ բիզնես գործունեություն ծավալող մի խումբ գործարարներ ունեն դժգոհություններ, Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ տեղյակ են այդ դեպքերին: «Ես չեմ կիսում հիասթափվածների տրամադրությունները: Նրանք այն մարդիկ էին, որ մասնակցել են երկամսյա սեմինարի, որի արդյունքում ծանոթացել են Հայաստանի բիզնես միջավայրին, ցածր տոկոսով վարկեր են վերցրել: Նրանք շուրջ 70 հոգի են, նրանցից մոտ 50-ը կայացել են: Բայց նրանց մի մասը չկարողացավ ճիշտ օգտագործել այդ գումարները»,-նկատեց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Նրա դիտարկմամբ` սիրիահայերը տեղաբնակների համեմատ ավելի լավ են կարողանում վարել բիզնես, քանի որ նախաձեռնող են և ունեն այդ հոգեբանությունը: Չնայած դրան` նրանցից ոմանք չհաջողեցին իրենց գործունեության մեջ: «Եթե նույն գումարը տանք սիրիահայերին ու տեղացուն, սիրիահայերը շահելու են, քանի որ հոգեբանորեն բիզնեսին պատրաստ են: Շատերը չկարողացան այդ գումարները ճիշտ կառավարել: Ես կարծում եմ`իրենք նաև իրենց պիտի մեղադրեն, չասեն միայն բիզնես դաշտն է վատը, բա ինչո ՞ ւ է մի մասի մոտ ստացվում: Իրենք պետք է բոլոր ռիսկերը հաշվի առած լինեին»,-ավելացրեց Ֆիրդուս Զաքարյանը:

Սիրիայում չորս տարի տևող հակամարտության հետևանքով 220 հազար մարդ է սպանվել, 12 միլիոնը հումանիտար օգնության կարիք է զգում, 4 միլիոնը ՝ փախստական են դարձել, 7,6 միլիոնը՝  ներքին տեղահանվածներն են: Այս մասին ապրիլի 24-ին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Պատերազմի հետևանքով մահացել է 100-ից ավելի սիրիահայ: Սիրիայում գտնվող հայ համայնքը մինչ պատերազմը հաշվվում էր մոտ 100 հազար, նրանց մեծ մասը կենտրոնացած էր Հալեպում` շուրջ 70 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am