Ոստիկանները բռնություն են կիրառել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա: Այնուհետև ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելու ճանապարհին ավտոմեքենայի մեջ ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում