Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Սրբազան Քահանայապետի այցին ընդառաջ Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցում կկայանա հոգևոր համերգ

Սրբազան Քահանայապետի այցին ընդառաջ Գյումրու  Սրբոց Նահատակաց եկեղեցում 
կկայանա  հոգևոր  համերգ

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում պատրաստվում են Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցին: Վարդանանց հրապարակում կառուցվում է այն խորանը և բեմահարթակը, որի վրա մատուցվելու է Սբ Պատարագը: Սրբազան Քահանայեպետի այցին նախապատրաստվում են նաև Գյումրու իշխանությունները:  Բարեկարգվում են  Սբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածը և այն փողոցները, որտեղից Սրբազան Քահանայապետը պետք է անցնի: Մինչ այդ, Գյումրի այցելած բոլոր հյուրերին անակնկալ է պատրաստել Հայ Կաթողիկե առաջնորդարանը. հունիսի 24-ի երեկոյան  նախատեսվում է համերգ Գյումրու «Սրբոց Նահատակաց» Հայ Կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ մենահամերգով հանդես կգա Սրբոց Նահատակաց եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի մեներգչուհի Մերի Մկրտչյանը` նախաձեռնությամբ Գյումրու հայ կաթողիկէների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի:

««Հոգևոր համերգ՝ ընդառաջ Սրբազան Քահանայապետի այցին» խորագիրը կրող համերգի նպատակն է տոնական դարձնել Սրբազան Քահանայապետի այցը Հայաստան և, մասնավորապես, Գյումրի, նախապատրաստել հաջորդ օրը կայանալիք Սբ Պատարագին՝ ապահովելով հաճելի և հարուստ հոգևոր մտթնոլորտ՝ որպես գեղեցիկ մի նախերգանք այս պատմական հույժ կարևոր հոգևոր իրադարձության համար: Այդ մենահամերգը Գյումրու հայ կաթողիկե համայնքի և Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու սպասումի, Սրբազան Պապի այցի առիթով հոգևոր խանդավառության մի յուրահատուկ արտահայտություն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու հայ կաթողիկեների ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը:

Մենահամերգի ընթացքում կհնչեն հոգևոր ստեղծագործություններ, շարականներ, հատվածներ Սբ Պատարագից:

Երևանի  Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալ ամբիոնի դասախոս, «Ամադեուս» մրցույթ-փառատոնի «Լավագույն հոգևոր երգի կատարում» անվանակարգի գլխավոր մրցանակակիր, բազում մրցույթների հաղթող, «Ալաշկերտ» հոգևոր երգչախմբի մեներգչուհի Մերի Մկրտչյանը,  շատ անգամներ մենակատարումներով հանդես է եկել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ 2005-2007թթ.մենահամերգային ծրագրերով հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում` Փարիզի Աստվածամոր տաճարում, Մարսելի Նոտր դամ դե լա Գար եկեղեցում ինչպես նաև Լիոնի Ֆուր Վիեռ եկեղեցում, նաև Իրանի  Թեհրան քաղաքում, սակայն այս համերգը երգչուհու համար առանձնահատուկ է: «Անշուշտ, անչափ պատասխանատու է ու շատ տարբերվող, քանի որ հնչելու են միայն հոգևոր գործեր՝ հիմնականում լինելու են հայկական շարականներ, բայց հնչելու են  նաև արևմտաեվորպական կոմպոզիտորների գործերից»,- ընդգծեց երգչուհին:

Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցու «Ալաշկերտ» հոգևոր երգչախումբը ձևավորվել է 2010թ., Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանի ջանքերով: Քառաձայն երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը, նվագակցողն է երաժիշտ Գոհար Շախուլյանը։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am