Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել են Հռոմի պապին

Երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել են Հռոմի պապին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել երգչուհին ու տեղադրել լուսանկար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա»,-գրել է Հասմիկ Պապյանը:

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապը հունիսի 25-ի առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանից ինքնաթիռով մեկնել է Գյումրու Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ մատուցելու:  Ավելի ուշ նախատեսվում է Հռոմի պապի հանդիպումը Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար, Պապը կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում:

Հայաստան ժամանելիս Սրբազան Քահանայապետին «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությունը: Սրբազան Քահանայապետը եղել է նախագահի նստավայրում, որտեղ առանձնազրույց է ունեցել ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ նախագահը և Պապը հանդես են եկել հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին:Հունիսի 25-ին Սրբազան Քահանայապետն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հունիսի 25-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարևոր և հանրության համար ամենաբաց միջոցառումը: Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան Քահանայապետի այցին Հայաստան: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան Քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, ինչից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am