Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հռոմի Պապն օրհնել է Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին

Հռոմի Պապն օրհնել է Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող 
երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս Պապն օրհնել է Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հռոմի Պապի այցի ընթացքում  Գյումրիի Յոթ վերք եկեղեցու մոտ հավաքվել էին հաշմանդամություն ունեցող երեխաներ և «Փյունիկ» հաշմանդամների միություն հասարակական բարեգործական կազմակերպության անդամներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Յոթ վերք եկեղեցում շրջելուց հետո դուրս են եկել և հաշմանդամություն ոնեցող երեխաներին օրհնել են Պապին ուղեկցող կարդինալները, այնուհետև երեխաներին մոտեցել և օրհնել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Եկեղեցու մոտ հավաքված հաշմանդամություն ունեցող երեխաներին Հռոմի Պապի պատկերով բացիկներ բաժանվեցին: Մինչ այդ Հռոմի Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագ էր մատուցել, որից հետո, հրավիրելով Ամենայն Հայոց կաթողիկոսին իր պապոմոբիլ, շրջել է հրապարակում, ողջունել հավաքվածներին, ապա իջել, մի քանի րոպե էլ հետիոտն շփվել հավատացյալների հետ և մեկնել Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսանոց:

Ֆրանցիսկոս Պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին Երևանի ժամանակով 15:00-ին` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով: «Զվարթնոց» օդանավակայանից Պապն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մասնակցել Բարիգալստի Հրաշափառի արարողությանը: Հռոմի Պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը Սուրբ խորանից աղոթք ու քարոզ են հնչեցրել: Պապը հյուրընկալվել է ՀՀ նախագահի նստավայրում, առանձնազրույց ունեցել նրա հետ, ելույթ ունեցել ՀՀ իշխանությունների, հասարակության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել:

Հռոմի Պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը: Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: Պապը Գյումրիում պատարագ է մատուցել լատինական ծեսով` համեմված հայկական շարականներով: Հունիսի 26-ի առավոտյան Մայր Աթոռում բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբազան քահանայապետի հաղորդակցությամբ: Այնուհետև տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը և Վեհափառ Հայրապետը կայցելեն հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար կարևորագույն սրբավայրերից մեկը` Խոր Վիրապ, որտեղ միասին աղոթելուց հետո աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ և դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի: Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան` Հռոմ վերադառնալու համար:


 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am